Այսօր Նիկոլ Փաշինյանը Սևան քաղաքում մասնակցել է սուրբ և անմահ պատարագի՝ գտնվելով Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում։ Սակայն այս այցը մի քանի առումով էականորեն տարբերվել է նախորդներից։
Նախ՝ Փաշինյանն այս անգամ եկեղեցի է գնացել առանց իր հետ մշտապես պատարագների գնացող «շրջիկ խմբի»։ Բացի այդ, մեր տեղեկություններով, սա առաջին դեպքն էր, երբ նա առանց նախապես զգուշացնելու է այցելել եկեղեցի։
Մինչ այս բոլոր դեպքերում, դեռ մի քանի օր առաջ սկսվում էին նախապատրաստական աշխատանքներ՝ եկեղեցուն տեղեկացնում էին նրա մուտքի մասին, կազմակերպչական հարցեր էին լուծվում, իսկ հոգևորականներին պարտադրվում էր պատարագը մատուցել Փաշինյանի նախընտրած ձևաչափով։
Այս անգամ նման նախապատրաստական գործընթաց չի եղել։ Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը պետք է մասնակցեր Գավառում մատուցվող պատարագին, սակայն ի վերջո նա հայտնվեց Սևանում։
Ամենաուշագրավ հանգամանքը, սակայն, այն է, որ նրա ներկայությամբ չի զեղչվել Ամենայն Հայոց Վեհափառ հայրապետի անունը։ Եթե նոյեմբերից սկսած նա գրեթե ամեն կիրակի մասնակցում էր պատարագների՝ հետևողականորեն պահանջելով զեղչել Վեհափառի անունը, ապա այսօր պատարագը մատուցվել է ըստ եկեղեցական ամբողջական կարգի՝ ներառելով նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։
Այս ամենը տարօրինակ է նաև մեկ այլ համատեքստում։ Վերջին ամիսներին ակնհայտ էր, որ Փաշինյանը փորձում էր «բարենորոգման» օրակարգ ձևավորել եկեղեցու ներսում՝ փաստացի քաղաքական միջամտությամբ։ Սակայն զարգացումները ցույց են տալիս, որ այդ նախաձեռնությունը հաջող ընթացք չի ստացել։ Որպես օրինակ հաճախ նշվում է Հովնան սրբազանի դիրքորոշման փոփոխությունը, որը սկզբում Փաշինյանի ձեռքն էր սեղմել, սակայն հետագայում վերահաստատել է իր հավատարմությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Վեհափառ հայրապետին։
Այս համատեքստում կարող ենք ասել, որ եկեղեցու դեմ սկսված պայքարը ցանկալի արդյունք չի տվել, և այսօրվա պատարագը՝ իր ամբողջական կարգով և առանց նախնական պայմանադրումների, այդ իրողության խորհրդանշական դրսևորումն է։

Բաց մի թողեք
Ավտովթարներ Երևան – Սևան ճանապարհին. հոսպիտալացվածներ կան․ Լուսանկարներ
Եկեղեցու հարևանությամբ սպանված տղան պայմանագրային զինծառայող էր. բացառիկ մանրամասներ
Ողբերգական ավտովթար․ մետաղի ջարդոնի վերածված մեքենայից դուրս են բերել տղամարդու մարմին. Լուսանկար