Ծանո՞թ են եղել արդյոք Վիլյամ Սարոյանն ու հայտնի ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերին։ Այս հարցի պատասխանը գտնելու համար, Սարոյանի կյանքն ու ժառանգությունն ուսումնասիրած Արամ Օհանյանը բավականին ծավալուն ուսումնասիրություն է ժամանակին իրականացրել՝ արդյունքներն ամփոփելով իր «Երկրորդ կորուսյալ սերունդը» հոդվածում։
Հիշեցնենք, որ Բրեդբերին մեր ժամանակի ամերիկյան գրականության ամենից հայտնի դեմքերից է եղել, անտիուտոպիստ, որ հեղինակել է բազմաթիվ արձակ գրական գործեր։
Ուսումնասիրությունները պարզել են բավականին հետաքրքիր մի պատկեր։ 1933 թվականի դեկտեմբերին Սարոյանը նամակ է ստանում Story հանդեսի խմբագիր Վիթ Բերնետից եւ նրա կնոջից՝ Մարթա Ֆոլիից, որում հաղորդվում է, որ Սարոյանի պատմվածքներից մեկը տպագրվելու է փետրվարի համարում։
1934 թվականին լույս է տեսնում Սարոյանի ժողովածուն՝ նվիրված Բերնետին ու Ֆոլիին։ Արխիվային աշխատանքներ իրականացնելիս Օհանյանը հայտնաբերում է Սարոյանի եւ Ֆոլիի նամակագրությունը։ Դրանցից մեկում Մարթա Ֆոլին Սարոյանին հայտնում է մի 29-ամյա հիանալի գրողի՝ Ռեյ Բրեդբերիի մասին, որն իրեն Սարոյանին է հիշեցրել։
Հատկապես, որ Ֆոլին ու Սարոյանը ծանոթացել են այն ժամանակ, երբ Սարոյանը ճիշտ այդ տարիքում է եղել։ Նա խորհուրդ է տալիս ծանոթանալ Բրեդբերիի հետ։ Սարոյանն արձագանքում է Մարթա Ֆոլիի առաջարկին եւ 1951 թվականի հուլիսի 30-ին նամակ է գրում Բրեդբերիին։ Նա հորդորում է Բրեդբերիին՝ զանգահարել իր գրասենյակ եւ հանդիպել ճաշի սեղանի շուրջ՝ զրուցելու կարճ պատմվածքների եւ գրականության մասին։
Պատասխանե՞լ է արդյոք Բրեդբերին Սարոյանին, զանգահարե՞լ է արդյոք նրան, ի՞նչ է ասել՝ հանդիպե՞լ են արդյոք, թե՝ ոչ, հայտնի չէ։ Արխիվային թղթապանակում, որտեղ Սարոյանի նամակներն են, այդ մասին որեւէ վկայություն չկա։ «Այդ մասին կարելի էր մոռանալ, եթե մի հանգամանք չլիներ։ Նախքան այդ նամակների՝ ինձ մոտ հայտնվելը, ես ունեի հիմք՝ կարծելու, որ Բրեդբերին ծանոթ է եղել եթե ոչ Սարոյանի հետ, ապա առնվազն՝ նրա ստեղծագործությունների։ Այդ մտքին ես հանգել եմ, երբ համեմատել եմ այդ հեղինակների գործերը, որոնք թույլ են տալիս նրանց միջեւ մի շարք զուգահեռներ անցկացնել»,- գրում է Արամ Օհանյանը։
Հոդվածագիրը նշում է, որ նա որոշել է նամակ ուղարկել Լոս Անջելեսում բնակվող Բրեդբերիին եւ հարցնել, թե արդյոք Սարոյանի հետ հանդիպում, զրույց կամ հեռախոսազրույց եղե՞լ է։ Եվ ահա՝ Բրեդբերին պատասխանել է, որ կապ հաստատել է Վիլյամ Սարոյանի հետ, հանդիպել է՝ իր հետ բերել Սարոյանի բոլոր գրքերը, որոնք ունեցել է այդ պահին, եւ խնդրել է, որ հայ մեծանուն գրողը դրանք ստորագրի իր համար։
Նաեւ գրել է, որ Վիլյամ Սարոյանի գործերի ընթերցողն է եղել ոչ պակաս, քան քսան տարի։ Բրեդբերին ափսոսանք է հայտնել, որ ամուր բարեկամություն չի ձեւավորվել Սարոյանի հետ։ Պարզապես նրանք հիացել են մեկմեկու գրականությամբ։

Բաց մի թողեք
Մարմինները դառնում են տեքստ, շարժումը՝ ենթագիտակցություն ․․․ Նոր ներկայացում Ստանիսլավսկու անվան թատրոնում․ Լուսանկարներ
Քոբեյնը երբեք չխաղաց «աստղ» լինելու խաղը, իսկ Nevermind-ը դարձավ մի ամբողջ սերնդի հոգեբանական օրագիրը․ Տեսանյութեր
Այսօր Հայաստանում գիրքը քայլում է փողոցներով՝ մարդկանց ձեռքերի մեջ, ինչպես տաք հաց, ինչպես փոքրիկ արև