Երջանկահիշատակ ռուս բանաստեղծի քանքարն ունենայի՝ կգրեի Լենինի ու պարտիայի մասին նրա հայտնի ստեղծագործության ծաղրերգությունը՝ հիմքում դնելով մերօրյա մի նմանակ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կերպարը եւ ֆաշիզմի հետ իր սերտ կապի թեման:
Իլհամն ու ֆաշիզմը երկվորյակ եղբայրներ են, մենք ասում ենք Իլհամ՝ հասկանում ենք ֆաշիզմ, մենք ասում ենք ֆաշիզմ՝ հասկանում ենք Իլհամ: Սա՝ ըստ ՀՀ մամուլում մերթ ընդ մերթ հանդիպող կարծիքների ու գնահատականների: Այժմ՝ ըստ էության:
Ադրբեջանն, արդարեւ, ֆաշիստական երկիր է եւ այդու՝ մեծ վտանգներ է ներկայացնում ինչպես անմիջական հարեւանների, այնպես էլ հարավկովկասյան տարածագոտու համար: Բայց նախ՝ պարտավոր ենք հիմնավորել մեր պնդումները, այլապես դրանք կհնչեն իբրեւ անապատի քամիներ: «Հայացք»-ի դատողությունները մերկապարանոց չեն, այլ հիմնված են պատմաքաղաքական փորձի վրա: Մասնավորապես՝ ունենք ժամանակի քննությունն անցած՝ ֆաշիստական Իտալիայի եւ ազգայնական Գերմանիայի օրինակները, ուստիեւ՝ համեմատություններ անելու հնարավորություն:
Եթե կողք-կողքի դնենք ներկայիս Ադրբեջանը եւ անցած դարի 30-40-ական թվականների Իտալիան կամ Գերմանիան՝ իրենց կացութաձեւով ու յուրահատկություններով, պատկերը կբյուրեղանա: Պետք է հաշվի առնել, որ ֆաշիզմը եւ ազգայնականությունը ունեն որոշակի յուրահատկություններ կամ չափորոշիչներ, որոնք, ըստ մեր հետազոտությունների, բնորոշ են թե՛ ներկա Ադրբեջանին, թե՛ այն ժամանակվա Իտալիային ու Գերմանիային:
Սկսենք Ադրբեջանից: Այդ երկրում գործում է կառավարման բռնապետական եւ կենտրոնացված համակարգ, որտեղ չկա ընդդիմություն, քաղհասարակություն, ընտրությունները ձեւական են, եւ ողջ քաղաքականությունը որոշում է մեկ անձ, որն Արցախի 44-օրյա պատերազմից հետո ազգային հերոս է հռչակվել:
Իտալական ֆաշիզմի եւ գերմանական ազգայնականության համար տիպական այնպիսի գծերը, ինչպիսիք են անազատ խոսքն ու անազատ մամուլը, ազգայնական քարոզչությունը, առաջնորդի պաշտամունքը, ուժի ու ռազմականացման պաշտամունքը, էթնիկ խմբերի նկատմամբ թշնամանքը, ատելությունն ու բռնաճնշումները, պետական վերաքննությունը եւ այլն, լիովին վերագրելի են Ադրբեջանին՝ ի դեմս Իլհամ Ալիեւի:
Մի մարդ, ով տեղով մեկ լինելով ֆաշիզմի մարմնացում, իսկ իր երկիրը դարձնելով հայատյացության եւ նացիզմի որջ, պարբերաբար Հայաստանի դեմ է ուղղում ֆաշիզմի մեղադրանքը: Այսինքն՝ ուզում է իր կեղտերից մաքրվել՝ ուրիշին հանիրավի կեղտոտելու գնով:
Փետրվարի 13-15-ը Մյունխենում անցկացված խաղաղության համաժողովի շրջանակում (որին, ի դեպ, Փաշինյանը կամ ՀՀ-ից որեւէ այլ պաշտոնատար դեմք չէր մասնակցում) Իլհամ Ալիեւը «FRANCE 24»-ի հետ զրույցում հերթական ստահոդ մեղադրանքներն էր դուրս բերել միջազգային հարթակ՝ կտրուկ բացառելով 2023թ. հոկտեմբերին Արցախից գերեվարված եւ Բաքվում ապօրինաբար ցմահ կամ երկարատեւ բանտարկությունների դատապարտված՝ ԼՂՀ նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին ներում շնորհելու հնարավորությունը:
Ավելին՝ նրանց դատավարությունը համեմատել է Նյուրնբերգյան դատավարությունների հետ՝ ասելով. «Նրանք մարդկության դեմ լուրջ հանցանքներ են գործել՝ ավելի վատ հանցանքներ, քան Համաշխարհային 2-րդ պատերազմի ժամանակ նացիստների կատարածը»: Պարզ է՝ ստում է:
Եվ բոլորը՝ առավել եւս մեր իշխանությունները, լավ գիտեն, որ Իլհամը ստում է, սակայն ձեն-ծպտուն չեն հանում: Հանկարծ Ալիեւը չբարկանա, ու խաղաղության գործընթացը չխաթարվի: Իրականում խաղաղության ոչ մի գործընթաց էլ չկա. Ալիեւը չի թարգում իր նախահարձակ հռետորաբանությունը, Բաքուն եռանդագին զինվում է:
Պետբյուջեում ռազմական ծախսերի տեսակարար կշիռն էապես մեծացել է, զորավարժանքների թիվը՝ հաճախացել: Ո՞ւմ դեմ է այդպես մանրազնին պատրաստություն տեսնում: Դե, իհարկե, ո՛չ Թուրքիայի, Իրանի կամ Ռուսաստանի: Տակը ո՞վ մնաց՝ խեղճուկրակ Հայաստանը, որն Էրդողան-Ալիեւ զույգի ընկալմամբ անիծյալ սեպ է Թուրանի ճանապարհին, ինչը վերացնել է պետք. սա է զույգի նպատակը:
Ուրիշ ի՞նչ նպատակ կարելի է սպասել մի վայ-առաջնորդից, ով հերոսացնում է քնած հայ սպա կացնահարած տականքին ու նրա օրինակը՝ որպես «ուսանելի» արարք, տարածում իր երկրի մանկապատանեկան հիմնարկներում` աճող սերնդի մեջ սփռելով ատելություն եւ թշնամանք դեպի հայն ու հայկականը:
«Հայացք Երեւանից»

Բաց մի թողեք
Պատերազմ է մեր տարածաշրջանում
Պուտինի և Թրամփի միջև «Անքորիջի ոգին չի վերածնվի»
Լեհաստանը ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ երկրներից է, Ռուսաստանը սուր է արձագանքում Հայաստանի հետ մերձեցմանը