01/03/2026

EU – Armenia

Պատերազմ է մեր տարածաշրջանում

Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպան Մայք Հաքաբին դեսպանատան աշխատակիցներին էլեկտրոնային նամակ է հղել և հորդորել «խուճապի չմատնվել, բայց մտածել առաջին իսկ հնարավորության դեպքում հեռանալ ցանկացած ուղղությամբ, որ հնարավորություն է ստեղծում տուն վերադառնալ»:

Դեսպան Հաքաբին զգուշացրել է, որ մոտակա օրերին ԱՄՆ վերադառնալը «կարող է խդրահարույց լինել»: Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ ամերիկյան «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը, որ մինչ այդ գտնվել է Հունաստանի Կրետե կղզու ռազմահենակայանի գոտում, տեղափոխվել է Իսրայել:

Նույն աղբյուրները հայտնել են Թել-Ավիվի միջազգային օդանավակայանում ամերիկյան «ռազմատրանսպորտային տասնյակ ինքնաթիռների» վայրէջքի մասին: «Եդիոտ ահրոնոտի» տեղեկություններով, առողջապահության նախարարությունը բոլոր բժշկական հաստատություններին տվել է «ստորգետնյա ապաստանի պայմաններում աշխատանքի նախապատրաստվելու ցուցում»:

Իսրայելի Պաշտպանության բանակի թիկունքային ծառայությունը հայտնել է, որ բնակչությանը «արտակարգ իրավիճակի մասին տեղեկացնելու հրահանգ առայժմ չկա»:

Քաղաքական դիտորդները Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանին հրթիռային հարվածներ հասցնելու հավանականությունը «շատ բարձր» են գնահատել՝ նկատի ունենալով «ազդանշանային երկու հանգամանք»:

Առաջինը Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատանքի բնույթի փոփոխությունն է՝ դիվանագիտական ներկայացուցչությունը «նույնիսկ հյուպատոսական ծառայություններն իրականացնում է հեռավար կարգով»:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բրիտանական կառավարությունը իր քաղաքացիներին կոչ է արել «հնարավոր բոլոր միջոցները գործի դնել և հեռանալ Իրանի տարածքից»:

Երկրորդ խոսուն փաստը պարզապես սենսացիա է. Reuters- ին հայտնի է դարձել, որ Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը կազմակերպության անդամ բոլոր երկրներին բացահայտել է, որ Իրանի մինչև 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները պահվում են Սպահանի մերձակա այն օբյեկտում, որ անցյալ տարվա հունիսին ենթարկվել է հարձակման, բայց «էականորեն չի վնասվել»:

Ըստ երևույթին, եկող շաբաթասկզբին Վիեննայում «տեխնիկական խմբերի հանդիպման» մասին անոնսը «միայն տեղեկատվական հնարք» է: Արդեն երկրորդ օրն է, ոչ Սպիտակ տունը, ոչ պետական դեպարտամենտը Ժնևում կայացած միջնորդավորված բանակցությունների արդյունքների և քննարկումների շարանուկականության մասին որևէ տեղեկություն չեն հրապարակայնացրել:

Ավելի վաղ մամուլում տեսակետ է տարածվել, որ «Իրանին առաջինը կհարվածի Իսրայելը, և դա, հավանաբար, տեղի կունենա փետրվարի 28-ին»: Անցյալ տարի հունիսի 15-ին նախատեսված էր իրանա-ամերիկյան ևս մեկ հանդիպում, բայց «շաբաթն ուրբաթից շուտ եկավ»՝ Իսրայելը հայտարարեց «Առյուծ ժողովուրդ» ռազմագործողություն սկսելու մասին: