02/03/2026

EU – Armenia

Խամենեի մահը կրոնապետության հիմքերը չի սասանել

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի մահը, երևում է, կրոնապետության հիմքերը չի սասանել և գոնե այս պահի դրությամբ որևէ նախանշան չկա, թե իրանցիները դուրս կգան փողոց և իշխանափոխություն կիրականացնեն:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Ուոլցը նշել է Իրանի դեմ հատուկ ռազմական գործողության նպատակները՝ թույլ չտալ, որ Թեհրանը տիրապետի միջուկային զենքի, թուլացնել նրա հրթիռային հնարավորությունները եւ ռազմածովային ուժերը, խափանել տարածաշրջանի պրոքսի կառույցների հետ համագործակցությունը:

Վաշինգտոնն, այսպիսով, միջազգային հարթակում Իրանի կրոնապետության տապալման, իրանական ժողովրդին «արյունռուշտ ռեժիմի կապանքներից ազատելու» նպատակ չի հնչեցրել: Ժամեր անց հայտնի է դարձել, որ Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին ողջ է և կոորդինացնում է բարձրագույն իշխանության «ժամանակավոր տրանզիտը»:

Ըստ տեղեկությունների, Խամենեիի իշխանությունն անցնում է «ժամանակավոր խորհրդին», որի կազմում առաջինը նշվում է նախագահ Մասուդ Փեզեշքիանի անունը:

Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ այաթոլլա Խամենեին վերջին անգամ կարճատև խորհրդակցություն է ունեցել Լարիջանիի և Շամխանիի հետ և «փոխանցել իր կտակը», որից կարճ ժամանակ անց նրա նստավայրը ռմբակոծվել է:

Սպանվել է նաև Պաշտպանության խորհրդի քարտուղար ծովակալ Շամխանին, իսկ նախագահ Փեզեշքիանը և նրա կառավարության անդամները, պաշտպանության նախարար Նասիրզադեից բացի, հարձակման չեն ենթարկվել:

Կարելի է զգուշորեն ենթադրել, որ Խամենեիի, ԻՀՊԿ հրամանատարի, ԶՈՒ ԳՇ պետի և պաշտպանության նախարարի սպանությունը թիրախային և «վիրաբուժական ճշգրտության» էր ոչ միայն ռազմա-հետախուզական և իրականացման միջոցների մշակման, այլև, գուցե առաջին հերթին՝ քաղաքական սառը հաշվարկի առումով:

Իրանում, ըստ էության, ֆիզիկապես չեզոքացվել է իշխանության արմատական թևը: Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը հայտարարել է, որ «Խամենեիի ճանապարհը կմնա անփոփոխ», բայց դա, երևի, ներքին իրավիճակը չսրելու համար է ասված:

Ըստ երևույթին, ծրագիրն այն է, որ Իրանի կրոնապետությունը ֆորմալ առումով պետք է պահպանվի: Արմատական հեղաշրջումը հղի է անջատողականության ծավալման և երկրի մասնատման լուրջ սպառնալիքով: Հավանական է, որ քառասունօրյա սգից հետո կկայանա նոր «ռահբարի» ընտրություն:

Այդ պաշտոնում, երևի, կընտրվի կամ Ալի Լարիջանին, կամ Ռուհուլլա Խոմեյնիի թոռ Հասան Խոմեյնին: Եթե ներքաղաքական ֆորս-մաժոր տեղի չունենա, ապա նորընտիր «ռահբարի» լիազորությունների մի զգալի մասը կվերապահվի նախագահին:

Տեսականորեն դա հնարավոր է: Հոգևոր առաջնորդը կշարունակի մնալ ազգային և էթնիկ-քաղաքակրթական միասնության, տարածաշրջանի շիադավան հանրության կրոնական համերաշխության խորհրդանիշ, իսկ աշխարհիկ կառավարությունը կիրականացնի բացառապես Իրանի պետականության շահերից և ժողովրդի բարեկեցության ապահովման հրամայականից բխող արտաքին ու ներքին քաղաքականություն:

Գործնականում, ինչպես արդարացիորեն կարևորում են շատ փորձագետներ, իշխանության «տրանզիտ» և կառավարման օպտիմալացում, բայց հատկապես՝ «ռահբարի» լիազորությունների որոշակի սահմանափակում «անհանր կլինի, եթե ԻՀՊԿ հրամանատարությունը բարձրագույն իշխանության փոխակերպման ծրագրին համաձայն չլինի»: