02/03/2026

EU – Armenia

Իսրայելը և ԱՄՆ-ը հստակ նպատակադրվել են հասնել «կրոնապետության տապալմանը»

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան «Մռնչացող առյուծ» ռազմագործողության մեկօրյա հիմնական արդյունքները գնահատելու համար, թերևս, հիմք կարելի է ընդունել ՑԱՀԱԼ-ի պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի թիրախային հարվածների շնորհիվ հաջողվել է «ոչնչացնել հրթիռների արձակման մի քանի հարթակ, ինչպես նաև զգալիորեն վնասել ՀՕՊ համակարգը, ինչը օդային տարածքում ազատ գործելու հնարավորություն է տալիս»:

Ասվածից պետք է հասկանալ, որ առաջին փուլին հետևելու են նոր և նույնպես թիրախային հարվածներ:

Իսրայելի Պաշտպանության բանակը պաշտոնապես չի հայտնել Թեհրանում Իրանի հոգևոր առաջնորդի և նախագահի նստավայրի հրթիռակոծումը, թեև մի քանի լրատվամիջոցների տարածել են արբանյակային լուսանկարներ, որ պատկերում ավերածությունների հետքեր:

Ըստ երևույթին, դա պայմանավորված է նրանով, որ այաթոլլա Ալի Խամենեիի ճակատագիրը դեռևս պարզ չէ: Իրանի արտաքին գործերին նախարար Արաղչին NBC-ն հարցազրույցում ասել է, որ «ինչքանով իրեն հայտնի է, Խամենեին ողջ» է:

Նույն հարցազրույցում նա հաստատել է, որ Իրանը «մեկ-երկու հրամանատարի կորուստ է ունեցել»: Ավելի ուշ Թեհրանը պաշտոնապես հաստատել է, որ ԶՈՒ ԳՇ պետը, պաշտպանության նախարարը, բանակի գլխավոր հրամանատարւ, ԻՀՊԿ հրամանատարը և նրա տեղակալը և Պաշտպանության խորհրդի քարտուղարը սպանվել են:

Ի տարբերություն անցյալ տարվա հունիսի, Իրանը հայտարարել է, որ «ոչ մի կարմիր գիծ չի հարգելու» և իրոք հրթիռային հարվածներ է հասցրել տարածաշրջանի մի քանի երկրներում ԱՄՆ ռազմակայաններին, ինչպես նաև՝ իսրայելական քաղաքներին:

Հետևանքների մասին տեղեկությունները, ինչպես նման դեպքերում է լինում, խիստ իրարամերժ են: Իրանը հայտարարել է «մի քանի հարյուր ամերիկացի զինվորականների ոչնչացնելու» մասին, մինչդեռ Պենտագոնը վստահեցրել է, որ «ամերիկյան կողմից մարդկային կորուստների չկան»:

Քաղաքական առումով առանձնացել է ՌԴ և Իրանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում Սերգեյ Լավրովը Իրանի դեմ հարձակումը դատապարտել է և այն գնահատել «իրանական կողմից չհրահրված»:

Մոսկվան, այդպիսով, հերքել է Իսրայելի հիմնավորումը, որ «հարձակումը կանխարգելիչ» է: Ուշագրավ է Ֆանսիայի նախագահ Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Մերցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի համատեղ հայտարարությունը:

Նրանք Իրանին հորդորել են «հրաժարվել առավելապաշտությունից և վերադառնալ բանակցությունների» Եվրոպական «եռյակի» առաջնորդները միաժամանակ հավաստիացրել են, որ Իրանի դեմ հարձակմանը չեն մասնակցում: Ֆրանսիան առանձին պահանջել է Իրանի հարցով Անվտանգության խորհրդի «հրատապ նիստ գումարել»:

Իրանի շուրջ իրավիճակի կապակցությամբ ադրբեջանական և թուրքական սոցցանցային որոշ ռեսուրսներ Անկարային և Բաքվին կոչ են արել «ձեռնպահ չմնալ և ձեռնարկել թուրք բնակչության անվտանգության ապոհովմանն ուղղված քայլեր, թույլ չտալ, որպեսզի իրանցի քրդերը գրավեն Խոյը, Սալմաստը և ադրբեջանական մյուս քաղաքները»:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի «տարածքում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու ծրագիր չունի»: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքը Իրանի դեմ հարվածների նպատակով օգտագործելու մասին լուրերը և հավաստիացրել, որ Անկարան «ոչ ցամաքային, ոչ ջրային, ոչ օդային տարածք չի տրամադրում այն պատերազմի համար, որին Թուրքիան մասնակից» չէ:

Արևմտյան մամուլի իշխող կարծիքն այն է, որ Իրանի դեմ նոր պատերազմում ի տարբերություն նախորդի, Իսրայելը և ԱՄՆ-ը հստակ նպատակադրվել են հասնել «կրոնապետության տապալմանը»:

Որքանո՞վ է դա իրացնելի, փորձագետները դժվարանում են նույնիսկ կանխատեսումներ անել: Մի բան, կարծես, պարզ է. պատերազմի առաջին օրը Իրանի ժողովրդին կրկին փողոցներ և հրապարակներ դուրս չի բերել:

Միակ հանրային միջոցառումն անցկացվել է Թեհրանում, բայց՝ ի պաշտպանություն գործող իշխանությունների: