Իրանը պաշտոնապես հաստատել է հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենիի մահը, երկրում քառասունօրյա սուգ է հայտարարվել:
Թեհրանը նաև հաստատել է Պաշտպանության խորհրդի քարտուղար ծովակալ Ալի Շամխանիի և ԻՀՊԿ հրամանատար Մոհամադ Պակփուրի կորուստը: «Դոյչե վելլեի» տեղեկություններով պատերազմի առաջին օրը «զոհվել է իրանցի շուրջ քառասուն պաշտոնյա և զինվորական»:
Չի բացառված, որ Թեհրանը կորուստների մասին պաշտոնական հայտարարություններ կանի նաև մոտակա ժամերի կամ օրերի ընթացքում:
Ըստ տեղեկությունների, Իրանում հաստատվել է «ժամանակավոր իշխանություն»: Հոգևոր առաջնորդի խորհրդական Մոհբերը հայտնել է, որ երկիրը կկառավարեն նախագահ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Մոհսեն Էջևին և ևս մեկ պաշտոնյա:
Որոշ աղբյուրներ հայտնել են, որ «սպանվել է նաև Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին», ում ֆորս-մաժորի դեպքում իշխանության թևերի միջև կոորդինատորի լիազորություններ էր վերապահել Խամենեին:
Այս և Իրանի կողմից Իսրայելին ու Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմահենակայններին հասցվող հարվածների հնարավոր հետևանքների համատեքստում Երուսաղեմի փորձագիտական շրջանակները մտավախություն են հայտնել, որ, չնայած հրապարակային հայտարարություններին, ԱՄՆ նախագահ Թրամփը կարող է «բավարարվել սահմանափակ արդյունքներով և Թեհրանի հետ գործարք կնքել՝ առանց էքզիստենցիալ սպառնալիքները լիովին բացառելու հարցին արմատական լուծում տալու»:
Նախօրեին Իսրայելի նախկին վարչապետներ Բենետը և Լապիդը հանդես են եկել Իրանի դեմ պատերազմում Բենիամին Նաթանյահուին լիովին աջակցելու մասին հայտարարությամբ: Նրանք համարել են, որ «իրանական սպառնալիքը վերջնականապես չեզոքացնելու պատմական պատեհությունը չպետք է բաց թողնվի»:
Կարելի է այնպես հասկանալ, որ Իրանի ապագայի հարցում Միացյալ Նահանգների ևձ Իսրայելի պատկերացումները կարող են «արմատապես տարբերվել»:
Այն, ինչ Դոնալդ Թրամփի համար հաղթանակ է, – եթե Իրանի իշխանություններն ընդունեն գործարքի ամերիկյան նախապայմանները,- Նաթանյահուն չի կարող Իսրայելի հանրությանը ներկայացնել որպես «չարիքի առանցքի խորտակում», բայց փաստ է, որ առանց ԱՄՆ զորեղ աջակցության Իսրայելը ոչ միայն ունակ չէ ռազմավարական պարտության մատնել Իրանին, այլև կարող է գոյաբանական լրջագույն խնդիրներ ունենալ:
Պահն այնպիսին է, որ տարածաշրջանի ապագան պայմանավորված է լինելու Իրանի ժողովրդի ընտրությամբ: Կրոնապետությունը կարող է ներքին բարեփոխումներ իրականացնել, բայց մնալ Իսրայելի երդվյալ թշնամի և փորձել հրեական պետության շուրջ ռազմա-քաղաքական նոր ալյանս ձևավորել:
Նույն կերպ Իսրայելը Իրանին մշտապես սպառնալիք է ընկալելու, քանի դեռ Թեհրանում կրոնապետություն է: ԱՄՆ-ը, գուցե ակամա, գուցե՝ ծրագրավորմամբ, բայց ստեղծել է իրանական «ճշմարտության պահ»՝ մոտ իննսուն միլիոնանոց ազգը կրոնապետությո՞ւն է դավանում, թե՞ աշխարհիկ-ժողովրդավարական կառավարություն:
Այդ հարցի պատասխանը չկա, և դա ինքնին լուրջ սպառնալիք է, որովհետև Իրանը կարող է «պայթել ներսից»:

Բաց մի թողեք
Իսրայելը և ԱՄՆ-ը հստակ նպատակադրվել են հասնել «կրոնապետության տապալմանը»
Խամենեի մահը կրոնապետության հիմքերը չի սասանել
Բաքուն ի՞նչ մակարդակով կմասնակցի էթնիկ ադրբեջանցի Խամենեիի հուղարկավորության արարողությանը