Ապրիլի 12-ին Հունգարիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Իշխող «Ֆիդես» կուսակցությունը վերստին կպայքարի կառավարություն ձևավորելու համար: Վարչապետի նրա թեկնածուն Վիկտոր Օրբանն է:
Ընդդիմության առաջատարը, ըստ հանրային կարծիքի հարցումների. «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարն է: Նա Եվրախորհրդարանի պատգամավոր է: Բաց աղբյուրների տեղեկություններով՝ մասնագիտությամբ իրավաբան Մադյարը քաղաքական գործունեություն է սկսել «Ֆիդեսի» շարքերում: 2010-ական թվականներին նրա նախկին կինը Օրբանի կառավարության արդարադատության նախարարն է եղել:
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ուկրաինան դադարեցրել է իր տարածքով Հունգարի ռուսական նավթի մատակարարումը: Ի պատասխան Օրբանը արգելափակել է Ռուսաստանի դեմ Եվրահանձնաժողովի պատժամիջոցների քսաներորդ փաթեթի ընդունումը, ինչպես նաև Ուկրաինային ֆինանսական աջակցությունը:
Անցած օրերին Հունգարիայի վարչապետ Օրբանը և Ուկրաինայի նախագահ Զելենսկին կոշտ քննադատություններ են փոխանակել:
Այս ֆոնին մարտի 4-ի ուշ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոյին:
«Կոմերսանտի» մեկնաբանը, ով Պուտին-Սիարտո հանդիպման բաց մասին ներկա է գտնվել, հայտնել է, որ այդ ընթացքում Սիարտոն Պուտինին խնդրել է «քննարկել Ռուսաստանում պահվող Հունգարիայի քաղաքացիների հարցը»:
Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահը տեղում հայտարարել է, որ «կայացրել է երկու հունգարացու ազատ արձակելու որոշում»: Պուտինը Հունգարիայի արտաքին գործերի նախարարին հավաստիացրել է, որ այդ մարդկանց նույն ինքնաթիռով, որով ինքը Մոսկվա է ժամանել, կարող է իր հետ Բուդապեշտ տանել:
Ըստ երևույթին, դա Պուտինի նախընտրական նվերն է Օրբանին: Այդ մարդիկ, ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտին», ունեն Հունգարիայի և Ուկրաինայի քաղաքացիություն: Ամենայն հավանականությամբ, նրանք Ուկրաինայի հունգարական համայնքի ներկայացուցիչներ են:
Ինչ վերաբերում է Հունգարիային ռուսական նավթի մատակարարմանը, ապա Պուտինը «շռայլ չի գտնվել»: Նա ասել է, որ Բուդապեշտի արտաքին քաղաքական ներկայիս ուղեգծի պահպանման դեպքում Ռուսաստանը կշարունակի «նույն գնով մատակարարումներ իրականացնել», բայց և հավելել է, որ եթե Եվրամիությունը մտադիր է լիովին դադարեցնել ռուսական էներգակիրների ներկրումը, ապա, գուցե, «նպատակահարմար է», որ Մոսկվան հրաժարվի «պայմանավորվածություններից և հաստատվի ավելի գրավիչ շուկաներում»:
Առկա իրավիճակում Ռուսաստանը ԵՄ անդամ երկու երկրի նավթ է մատակարարում՝ Հունգարիային և Սլովակիային: Խոսելով Բուդապեշտի արտաքին քաղաքական ուղեգծի պահպանման մասին, Պուտինը փաստացի հասկացրել է, որ Հունգարիայի հետ հետագա հարաբերությունները կախված են խորհրդարանական ընտրությունների արդյունքներից:
Հունգարիայում և նրա շուրջ իրավիճակի ինտրիգը նրանում է, որ Օրբանին աջակցում է ոչ միայն Պուտինը, այլև՝ ԱՄՆ նախագահ Թրամփը, իսկ Եվրահանձնաժողովը սատարում է նրա մրցակից Մադյարին:
Վիկտոր Օրբանը սերտ կապեր ունի նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ: Նրա կառավարման շրջանում Հունգարիան Թուրքական պետությունների կազմակերպությունում ձեռք է բերել դիտորդի կարգավիճակ:
Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները կարող են միավորել Եվրամիությունը, եթե հաղթի ընդդիմությունը: Օրբանի հաղթանակի դեպքում Բրյուսելի խնդիրները միայն խորանալու են:
Չնայած հարաբերությունների որոշակի կարգավորմանը, Օրբանը շարունակում է Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությանը «նայել ադրբեջանական աչքերով»:

Բաց մի թողեք
Ինչ են քննարկել Մակրոնն ու Ալիևը․ Իրանի շուրջ իրավիճակը մարտահրավեր է նաև Ֆրանսիային
Հայաստանը չպետք է Իրանի հետ հարաբերությունները պայմանավորի Մոսկվայով
Բաքվի «Հարավային Ադրբեջան» նախագիծը ամերիկյան աջակցություն չունի