Տարիներ առաջ էր։ Առիթ ունեցա երկու իրանցու հետ առնչվել։ Արցախյան առաջին պատերազմի ծանր տարիներին, երբ հայրենի Մարտակերտը գերության մեջ էր: Ընտանիքով բռնագաղթեցինք Ռուսաստան։ Փախստականներ էինք՝ օտարության մեջ։
Օրվա ապրուստը հոգալու համար առեւտրով էինք զբաղվում՝ Սարատով-Մոսկվա երկար ճանապարհը հաղթահարելով։
Այդ ձմռան օրը գնացքով 17 ժամվա ճանապարհն անցնելուց հետո առավոտյան ժամը 7-ին հասա Մոսկվա։ Շուտով մտա մի մեծ շուկա՝ գնումներ կատարելու։ Իրար կողքի գտնվող խանութները դեռ փակ էին, իսկ ես սարսռում էի ցրտից։
Սկսեցի քայլել եւ հանկարծ շարժ նկատեցի մի խանութի ներսում։ Մոտեցա, պատուհանը թակեցի։ Դուռը բացեցին։ Արկղերի մեջ տարբեր ապրանքներ էին շարված, երկու երիտասարդ հազիվ կանգնած էին, յուրաքանչյուրին հասանելիք իրենց ոտնաչափով:
Ես չհասցրի նրանց որեւէ խոսք ասել, երբ ցրտից սառած ատամներիս կրճտոցն էր լսելի։ Միմյանց երեսի նայեցին, ապա իրար հետեւից դուրս եկան` ինձ ցույց տալով այն մի քանի ոտնաչափ ազատ «տարածքը», որ մինչեւ առաստաղը շարված արկղերի կողքին չէր էլ երեւում։
Ներս մտա, նրանք դուռը իրենց հետեւից փակեցին։ Կամաց-կամաց ուշքի եկա, փայտացած մատներս սկսեցին շարժվել, սառած դեմքս շփեցի: Ինչ լավ էր, ուրեմն փրկված եմ: Անցան րոպեներ, գուցեեւ կես ժամ:
Դուռը բացեցի, տեսա նրանց` ցրտից կուչ եկած։ Ռուսերենով շնորհակալություն հայտնեցի։ Ինձ օտար մեկ այլ լեզվով խոսեցին, ապա ռուսերենի անցան: Պարզվեց` Իրանից էին, պարսիկներ, որ այդ շուկայում էին աշխատում։ Նրանց մարդկային վերաբերմունքը ազգ չէր ճանաչում, որոնց մինչեւ հոգուս խորքը երախտապարտ եղա։
Այս օրերին Իրանի դեմ պատերազմ է՝ մի երկիր, որի տիրապետության տակ է եղել դարեր առաջ հայոց երկիրը, իսկ նոր օրերում նա դաշնակից, հարեւան սահմանակից երկիր է` դարերի պատմությամբ, դարավոր մշակույթով, ազգային արժեքներով, իր ժողովրդի միասնականությամբ, բայց ցավալիորեն հիմա ավերակների է վերածվում, մեծ ու փոքր մարդկային զոհերով։
Երբ ռմբակոծվում են դպրոցներ, մանկական հիվանդանոցներ, նույնիսկ` մանկապարտեզներ, լռելն անիմաստ է դառնում, ազգային տարբերությունը, դարեր առաջվա թշնամությունը՝ մոռացվում։
Շատ-շատերի նման Արցախի չորս պատերազմով եմ անցել, ինքս էլ անզոր եմ աշխարհի գլխակեր տերերի պատերազմական մոլուցքը կանխել, բայց հեռվից հեռու ապրում եմ այն անմեղ զոհերի հարազատների կսկիծը, որ դուրս է եկել ափերից՝ իբրեւ անեծք՝ ուղղված պատերազմի հրձիգներին:
Նատաշա Պողոսյան

Բաց մի թողեք
Մարտի 10-ի աստղագուշակ․ Հաճույքով կօգնեն հին ծանոթները
Իրանում զգուշացրել են թթվային անձրևների մասին, որոնք քամիների միջոցով կարող են տարածվել նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
Նոր հարցման արդյունքներ՝ հունիսյան ԱԺ ընտրություններից առաջ․ Սանդղակներ