«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանայանը Հանրային եթերում հիշեցրել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մի քանի տարվա վաղեմության հարցազրույցը, երբ նա խոսել է Հայաստանի և մասնավորապես Սյունիքի անվտանգության պահպանմանը Իրանին ներգրավելու, համատեղ զորավարժություններ անցկացնելու անհրաժեշտությունից և հարցադրում արել. «Հասկանալի, չէ՞, թե ինչ էր տեղի ունենալու, եթե նման բան տեղի ունեցած լիներ»:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է թեմայի վերաբերյալ Քոչարյանի հրապարակային հայտարարությունները և պարզել, որ նա 2022թ. սեպտեմբերի 29-ի ասուլիսում ասել է հետևյալը. «Այս երկու տարում առնվազն երկու զորավարժություն պիտի անեինք Իրանի հետ: Որոշ պայմանագրային բազա պիտի լիներ Իրանի հետ, և այդ ամենը ամենից զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար, որովհետև Իրանն այն պետությունը չէ, որին ինչ-որ տեղից մատ թափ տալով կարելի էր կանգնեցնել, եթե հետապնդում է իր ազգային շահը»:
Այսքանից հետո «Փաստերի ստուգման հարթակը» եզրակացրել է, որ «Ալեքսանյանի ձևակերպումն ամբողջությամբ չի համընկնում Քոչարյանի հայտարարության հետ, երկրորդ նախագահը թեև խոսել է Իրանի հետ համատեղ զորավարժությունների անցկացման և անվտանգության ոլորտում համագործակցության մասին, սակայն ուղիղ տեքստով չի ասել, որ իրանական զորքերը պետք է տեղակայվեն Սյունիքում կամ դառնան ՀՀ անվտանգության երաշխավորը»:
Նախ, Վահագն Ալեքսանհանը ուղիղ տեքստով չի ասել, թե երկրորդ նախագահն առաջարկել է Սյունիքում իրանական զորքեր տեղաբաշխել: «Փաստերի ստուգման հարթակն» իր եզրակացությունը բխեցրել է ԱԺ պատգամավորի խոսքի ենթատեքստից, որ կարող է անստույգ լինել: Երկրորդ, եթե «ստուգման մեթոդը» ենթատեքստի բացահայտումն է, ապա նույնը պետք է կիրառվեր նաև երկրորդ նախագահի խոսքի պարագայում:
Մանավանդ որ Քոչարյանը բավական թափանցիկ ակնարկում է, որ Իրանը այն երկիրը չէ, որին «կարելի է կանգնեցնել, եթե հետապնդում է իր ազգային շահը»: Քաղաքական խոսույթում, որպես կանոն, ավելին չեն ասում:
Բայց ամենաարտառոցն այն է, որ եթե, օրինակ, Ադրբեջանի նախագահի հրապարակային խոսույթը «ստուգվի» նույն մեթոդաբանությամբ, ապա շատ դժվար կլինի Իլհամ Ալիևին մեղադրել Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների կամ «Արևմտյան Ադրբեջան» ծրագիր ունենալու և այն իրականացնելու մտադրության մեջ:
Ալիևը երբեք ուղիղ տեքստով չի ասել, որ Սյունիքը պետք է բռնակցվի Ադրբեջանին, իսկ «արևմտյան ադրբեջանցիների» մասին էլ խոսում է այն կտրվածքով, որ Հայաստանի «իշխանությունները նրանց պետք է վերադարձի առաջարկություն անեն և երաշխիքներ տան»:
«Փաստերի ստուգման հարթակը» շատ օգտակար աշխատանք է կատարում, ստուգում է հանրությանը հետաքրքրող փաստերը: Այս իմաստով «Հարթակը» որոշակի վստահելիություն ունի:
Բայց կոնկրետ այս դեպքում նա ոչ թե ստուգում է իրականացրել, այլ հանրային-քաղաքական երկու գործիչների հրապարակային խոսույթը ենթարկել ընտրովի մեկնաբանության:

Բաց մի թողեք
Երևանի քաղաքապետարան. 2025 թ.` թերակատարված ծախսեր, 2.8 մլրդ դրամ պարգևավճարներ
Հայաստանի Հանրապետությունը կորցրեց ևս մեկ պատմական շանս, այս ամենը շատ վտանգավոր է Հայաստանի համար
Իրանը Չինաստանում կեղծ ընկերություններ է օգտագործել եվրոյով նավթային գործարքների համար