Էր-Ռիադում ավարտվել է Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Եգիպտոսի, Ադրբեջանի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, Կատարի, Սիրիայի, Թուրքիայի, Արաբական միացյալ էմիրությունների և Պակիստանի արտաքին գործերի նախարարների խորհրդատվական հանդիպումը, որի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունը դատապարտում է տարածաշրջանի երկրների դեմ Իրանի դրոնային և հրթիռային հարձակումները:
Նախարարներն ընդգծել են, որ «նման գործողությունները ոչ մի հանգամանքում արդարացման ենթակա» չեն և Իրանին կոչ են արել «հարգել միջազգային իրավունքը և անհապաղ դադարեցնել հարձակումները»:
Այդ հանդիպումը և ընդունված փաստաթուղթը կարելի է անվերապահորեն համարել ամերիկա-իսրայելական դիվանագիտության լուրջ հաղթանակը, քանի որ հայտարարության տեքստում ոչ մի խոսք չկա այն մասին, որ Իրանը ենթարկվել է հարձակման:
Էր-Ռիադում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը առանձին հանդիպումներ է ունեցել թուրք և պակիստանցի պաշտոնակից Ֆիդանի և Դարի հետ: Ավելի վաղ նկատել ենք տվել, որ Թուրքիան, Պակիստանը և Ադրբեջանը «նախապատրաստվում են Իրանի մասնատմանը»:
Կասպից ծովում Իրանի ռազմածովային ուժերի հենակայանի գրոհը վկայում է, որ Ադրբեջանը շատ որոշակիորեն հաղթահարել է Իրանի դեմ հարձակումներին որեւէ կերպ մասնակցություն ունենալու «նախապաշարմունքը»:
Այս ֆոնին աչքի է զարնում իրողությունը, որ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակման մեկնարկից ի վեր Հայաստանի վարչապետը Անվտանգության խորհրդի առնվազն երեք նիստ է հրավիրել: Անկասկած, Երևանը Իրանում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունները քննարկում է ամենօրյա ռեժիմով:
Իրավիճակն, իրոք, «սահմանային» է, եթե իրանական վերնախավը ներքին համաձայնությամբ չընդունի պատերազմի դադարեցման ամերիկյան նախապայմանները, ապա Իսլամական հանրապետությունը կկանգնի փլուզման և տարածքային մասնատման իրական սպառնալիքի առաջ:
Պետք է արձանագրել, որ ամերիկա-իսրայելական հարձակման դեմ Իրանը բացարձակապես միայնակ է, նրան առարկայական աջակցություն չեն ցուցաբերում նույնիսկ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը և Չինաստանը:
Ավելի քան երկշաբաթյա թիրախային հարվածները փլուզում են ոչ միայն Իրանի անվտանգային ներքին համակարգը, այլև այն «առանցքը», որ Իսլամական հանրապետությունը տասնամյակներ ի վեր կառուցել է տարածաշրջանում և գլոբալ հարթությունում:
Այս դեպքում բավարար չէ, նույնիսկ վտանգավոր է ընկալումը, թե «Ռուսաստանը դավաճանեց հերթական դաշնակցին» կամ Չինաստանը «գերադասեց մեկուսի մնալ»: Իրականությունը պետք է գնահատել սթափ, եթե Մոսկվան և Պեկինը Թեհրանը փրկելու միջոց ունենային, ապա, անկասկած, գործի կդնեին:
Հայաստանը պետք է անվտանգության համակարգային երաշխիքներ ունենա:

Բաց մի թողեք
Արսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է
Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին»