31/03/2026

EU – Armenia

Գրեթե մեկ ամսվա չափով տեղումներ են թափվել մեկ օրում. Մաթևոսյանը թվեր է հրապարակել

Ինչպես նախապես կանխատեսել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, մարտի 27-ից մեր հանրապետությունը գտնվում է հարավից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի գրառմամբ՝ դրա առավել ինտենսիվ փուլը գրանցվել է մարտի 27-28-ը, սակայն տեղումները շարունակվել են նաև հաջորդ օրերին՝ ընդգրկելով գրեթե ամբողջ երկրի տարածքը։

Տեղումների բնույթը տարբեր է եղել՝ կախված տեղանքի բարձրությունից․ լեռնային շրջաններում հիմնականում տեղացել են ձյուն և ձնախառն անձրև, իսկ նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև։ Մի շարք հատվածներում տեղումները եղել են բավականին ինտենսիվ։

«Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Սյունիքի մարզում։ Մարտի 27-ին Կապանում մեկ օրում տեղացել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի շուրջ 75 տոկոսը, այսինքն՝ գրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրում։ Մարզի մյուս բնակավայրերում նույն օրը գրանցվել է 15-32 մմ տեղում։

Ընդհանուր առմամբ մարտի 27-30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարբեր շրջաններում տեղումների քանակը կազմել է 15-25 մմ, Սյունիքում՝ մինչև 49 մմ։ Երևանում արձանագրվել է 19-22 մմ տեղում։ Հատկանշական է, որ մարտի 30-ի առավոտյան ընդամենը մեկ ժամում (07։30–08։30) մայրաքաղաքում տեղացել է 8-9 մմ անձրև, ինչը համարվում է հորդառատ։

Այս օրերի եղանակային պատկերը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան արագ և ինտենսիվ կարող են դրսևորվել կլիմայական գործընթացները մեր տարածաշրջանում»: