Եվրոպական երկրներն արդեն սկսել են առերեսվել մերձավորարեւելյան էսկալացիայի տնտեսական բացասական հետեւանքներին,- գրում է Bloomberg պարբերականը։
Համաձայն հրապարակման, հակամարտությունը ռիսկային իրավիճակ է ստեղծել արդյունաբերական եւ տնտեսական սեկտորի համար, ավելացրել քաղաքական համակարգերի լարվածությունը։ Եվրոպական այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Գերմանիան ու Իտալիան, կանխատեսում են արտադրության նվազում եւ էներգակիրների գների աճ։
Մի շարք կառավարություններ արդեն տնային տնտեսություններին աջակցման ծրագրեր են ներդնում։ «Ակնհայտ է, որ հատկապես տուժելու են այն սեկտորները, որոնք ավելի էներգածախս են»,- ասել է փորձագետ, Barclays բանկի հետազոտական բաժնի ղեկավար Քրիստիան Քելերը եւ ընդգծել, որ որքան շարունակվի հակամարտությունը, այնքան ավելի շատ կազդի տնտեսության բոլոր ոլորտների եւ բոլոր ապրանքների ու ծառայությունների գների վրա։
Bloomberg-ը մանրամասնում է, որ Հորմուզի նեղուցի փակ լինելը հատկապես սկսել է հարվածել գերմանական քիմիական արդյունաբերությանը։ Խոշորագույն SKW ընկերության գործարաններից մեկն արտադրությունը կրճատել է 85 տոկոսով։
Hapag-Lloyd AG խոշոր բեռնափոխադրումային ընկերությունից էլ հայտնել են, որ ամեն օր 40-50 միլիոն դոլարի հավելյալ ծախս են կատարում՝ բեռների պահպանման, ապահովագրման ու վառելիքը թանկացված գներով ձեռք բերելու վրա։ Թանկացումները կտարածվեն մատակարարումների ամբողջ շղթայի վրա։
Կյանքը կթանկանա բոլոր եվրոպացիների համար՝ եզրակացնում է պարբերականը։ Ֆրանսիական վիճակագրական ծառայությունն էլ մինչեւ հաջորդ տարի արագ գնաճ է ակնկալում։ Կենսամակարդակի թանկացման դեմ բրիտանական կառավարությունը սկսել է արդեն պայքարել։
Bloomberg-ը գրում է նաեւ, որ այժմ Եվրամիությունը նաեւ ռազմավարական խնդրի առաջ է կանգնած, քանի որ, մի կողմից, ամերիկյան աջակցությունն է նվազում, մյուս կողմից՝ սրվում է Չինաստանի հետ մրցակցությունը։

Բաց մի թողեք
Իսպանիայից հետո հիմա էլ Իտալիան մերժեց Թրամփին
Լավրով – Սիյարտո սկանդալային ձայնագրություն․ ի՞նչ է խնդրել ռուս միլիարդատերը
ԵՄ-ն չի կարող խոստանալ Ուկրաինային, որ կասեցված 90 միլիարդ եվրոյի վարկը կտրամադրվի