18/04/2026

EU – Armenia

Զարթոնքի կամրջի ասֆալտը մեկ տարի էլ չդիմացավ․ Լուսանկար

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում չանցավ Զարթոնքի կամրջի վրայով, որը գյուղ տանող ճանապարհի հետ ասֆալտապատվել է մեկ տարի առաջ։

Հրապարակ թերթը գրել է․ Որովհետև մեկ ձմեռն էլ բավական էր՝ ի ցույց դնելու այս կառավարության դելետանտությունը, որը նույնիսկ որակյալ ասֆալտ փռելու գործում է թերանում։ Կամուրջն ընդամենը մեկ տարի առաջ է նորոգվել ու ասֆալտապատվել, բայց նորից այն տեսքն է ստացել, ինչ ուներ նախկինում։

Մի հասարակ ասֆալտ անելն ի՞նչ է, որ սրանց մոտ դա՛ էլ չի ստացվում։ Մոտ ութ տարի է իշխանություն են, բայց ոչ մասնագետներ կարողացան ներգրավել իրենց շարքերը, ոչ իրենք մասնագետներ պատրաստեցին։ Իսկ գուցե կոռուպցիա՞ է, որի առաջ աչք փակելը լրիվ իրենց ոճի մեջ է։ Փաշինյանն էլ է կարծես հասկացել, որ իր «համախոհներին» ասֆալտով կերակրելն այլևս անիմաստ է, որովհետև ասֆալտն էլ իր ստերի նման կարճ կյանք ունեցավ։ Դա զգացին հատկապես նրանք, ովքեր ընդամենը մեկ տարի առաջ Նիկոլի «ցավը տանում էին», Նիկոլի անունով երդում էին ուտում, իսկ հիմա հիասթափված են թե նրանից, թե՝ նրա կառավարությունից։

Զարթոնքցիներն ասում են՝ մենք առաջիններից էինք, որ ոտքի կանգնեցինք նրա «հեղափոխությանը» սատարելու համար, բայց ուշ հասկացանք, որ խաբվել ենք։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իր էջում հայտնում է, որ «Հրապարակ» օրաթերթն ապրիլի 8-ին «Զարթոնքի կամրջի ասֆալտը մեկ տարի էլ չդիմացավ» վերտառությամբ նյութ է հրապարակել, որտեղ տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Այն բացահայտ ապատեղեկատվության և մանիպուլյացիայի օրինակ է։

«Արմավիրի մարզի Ակնալիճ-Զարթոնք-Արևիկ ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի հիմնանորոգումը մեկնարկել է 2025 թվականին, սակայն շինարարական օբյեկտը դեռևս շահագործման ընդունված չէ։ Քանի որ շինաշխատանքների ավարտական փուլում՝ դեկտեմբեր ամսին, եղանակային պայմաններն անբարենպաստ էին, ուստի անխոչընդոտ երթևեկություն ապահովելու նպատակով որոշում է կայացվել կամրջի վրա տեղադրել ժամանակավոր ասֆալտբետոնե ծածկ, իսկ 2026թ. գարնանը՝ եղանակային պայմանների բարելավման պես, կամրջի պատվածքը բերել վերջնական տեսքի, որից հետո միայն կատարված շինարարական աշխատանքները կընդունվեն շահագործման»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հրապարակ»․ Զարթոնքի կամրջի ասֆալտը մեկ տարի էլ չդիմացավ