22/04/2026

EU – Armenia

Փաշինյանի՝ իշխանության գլխին մնալը նույնացնելու կեղծ ներշնչանքը

Նորից նախընտրական փուլ է, եւ մենք դեժավյուի զգացում ունենք, 30 տարուց ավելի նույն տեսարաններին ենք ականատես լինում:

Հրապարակ թերթը գրել է․ Նորից իշխանությունը՝ քրտնմխած, ասֆալտ է անում, հաճախ՝ ոչ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, այլ՝ որտեղ շատերը կնկատեն: Նորից իշխանությունը հանկարծ հիշել է, որ ժողովուրդն իր ժողովուրդն է` ուշադրության ու հոգատարության կարիք ունի, իսկ Հայաստանը միայն Երեւանը չէ:

Նորից փորձում են կաշառել ընտրողին` ժամանակավոր արտոնություններ, շարքային մարդկանց համար հարցեր լուծել, տույժ-տուգանքներ ներել: Նորից շռայլ խոստումներ են տալիս, որոնց մասին ընտրվելուց հետո մոռանալու են:

Դե, եթե 30 տարի կարողացել են խաբել ու քվե կորզել միամիտ ընտրողից, իսկ ընտրություններից հետո ճիշտ հակառակն անել, եւ այդ ամենի կրկնությունը դաս չի եղել հասարակության համար, ինչո՞ւ չպիտի նորից անեն: Ուրիշ մեթոդներ էլ են, իհարկե, կիրառել:

Քվեատուփեր լցոնելուց եւ ձայն գնելուց մինչեւ ընտրական «տասովշչիկների» բանդաների օգտագործում: Բայց թող ձեզ չթվա, թե մարդու ձայնը 5 հազար դրամով գնելն ընտրակեղծարարություն է, իսկ պատերազմի սպառնալիքով, ադմինիստրատիվ տեռորով ու շանտաժով քվե կորզելը նվազ նողկալի է:

5 հազար դրամով իր ձայնը վաճառող մարդը գոնե կամովին է գնացել այդ գործարքին, իսկ պատերազմի շանտաժով մարդուց քվե խլողները նրան փակուղի են մտցնում, կեղծ այլընտրանք պարտադրում` օգտվելով նրա անտեղյակությունից, պատերազմի հանդեպ չհաղթահարած սարսափից, իր զավակների ֆիզիկական գոյությունն ու Փաշինյանի՝ իշխանության գլխին մնալը նույնացնելու կեղծ ներշնչանքից:

Եվ ամենանողկալին այն է, որ կեղծվող ընտրությունների դեմ պայքարի լոզունգի տակ իշխանության եկածներն են սա անում: