19/04/2026

EU – Armenia

Մերձավոր Արևելքի նոր ստատուս-քվոյի հաստատման «բոլոր ճանապարհները տանում են Պեկին»

Իրանի ծովային շրջափակման մասին ԱՄՆ նախագահի հրամանագրի հրապարակումից «ժամեր անց Սաուդյան Արաբիան դիվանագիտական փակ խողովակներով դիմել է Միացյալ Նահանգներին և հորդորել, որ դադարեցնի ռազմագործողությունը»:

Էր-Ռիադը «խիստ մտահոգված է, որ Իրանը կարող է վերսկսել տարածաշրջանի երկրների հրթիռակոծումները»:

Զուգահեռաբար հայտնի է դարձել, որ նույն օրը Արաբական միացյալ էմիրությունների նախագահ ալ-Նահաիանը Պեկինում հանդիպել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ:

Turkiye պարբերականի տեղեկացվածությամբ՝ Չինաստանի առաջնորդը հանդիպման ընթացքում բացահայտել է, որ «Իրանին և Միացյալ Նահանգներին ներկայացրել է չորս կետից բաղկացած կարգավորման նախագիծ»:

Կոնկրետ այդ փաստաթղթի բովանդակության մասին տեղեկություն հայտնի չէ, բայց Սի Ծինփինը ներկայացրել է «ճգնաժամի հանգուցալուծման» շուրջ ընդհանուր պատկերացումը, որ հենվում է միջազգային հարաբերություններում ՄԱԿ-ի և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և հանրաճանաչ նորմերի գերակայության ճանաչման վրա:

Իրանի շրջափակումը դադարեցնելու մասին ԱՄՆ-ին Սաուդյան Արաբիայի «խնդրանքը», ԱՄԷ նախագահի Պեկին այցը վկայում են, որ Պարսից ծոցի արաբական երկրները Միացյալ Նահանգների անվտանգության երաշխիքներին այլևս չեն վստահում, ինչպես նաև նրա կողմից Իրանի դեմ պատերազմին ներգրավվելու մտադրություն չունեն և, պարզ ասած, փնտրում են Չինաստանի հովանավորությունը, որ Իրանի ռազմավարական դաշնակիցն է:

Ապրիլի 14-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Պեկին: Նախօրեին նա հեռախոսազրույց է ունեցել թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ: Այդ առթիվ ՌԴ ԱԳՆ տարածած տեղեկատվությունից դատելով՝ կողմերը քննարկել են ինչպես Իրանի շուրջ իրավիճակը, այնպես էլ ուկրաինական կարգավորման հեռանկարը:

Ուշագրավ է, որ Ֆիդանը Ստամբուլն առաջարկել է որպես եռակողմ՝ ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունների հարթակ:

Ակնհայտ է, որ իրանա-ամերիկյան կարգավորմանը Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցության ներուժը բավարար չէ: Նման առաքելության համար նվազ են նաև Պակիստանի հնարավորությունները: Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Իսլամաբադի բանակցություններին Իրանը ներկայացել է Չինաստանի «պարտադրանքով»:

Մի շարք աղբյուրների տեղեկացվածությամբ՝ այս շաբաթ «կկայանա իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը»: Եթե Սի Ծինփինի «չորս կետանոց նախագիծը» դրվի բանակցությունների սեղանին, ուրեմն հարկ կլինի արձանագրել, որ Մերձավոր Արևելքի նոր ստատուս-քվոյի հաստատման «բոլոր ճանապարհները տանում են Պեկին»: