«Հրապարակի» զրուցակիցն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանն է։
– Վերջին օրերին փաշինյանական ռեժիմը սաստկացրել է իր ընդդիմախոս ուժերի դեմ ռեպրեսիան․ ձեր թիմակիցներ Գոհար Ղումաշյանի, Վերժինե Ստեփանյանի հետ կատարվածը, ձեր թիմի ներկայացուցիչների տների խուզարկությունները եւ այլն։ Ինչպե՞ս եք մտադիր պայքարել այս անօրինակ բռնաճնշումների դեմ։
– Իհարկե, դժվար է պայքարել օրինական եղանակներով ապօրինի միջամտությունների դեմ, բայց, այնուամենայնիվ, մի արձանագրում․ շատ տեղին է հենց «ռեպրեսիա» եզրույթը, որովհետեւ հենց ռեպրեսիան են որդեգրում, երբ քաղաքական իշխանությունը բացահայտ կերպով անցում է կատարում դեպի ավտորիտարիզմին հարիր գործիքակազմեր, մարդիկ ինքնաբերաբար մեկտեղվում են, այս դեպքում՝ ապօրինաբար մեր շարքերից հեռացված եւ արհեստական եղանակներով հեռացված յուրաքանչյուր մեր համախոհի, ընկերոջ՝ հայրենափրկության համար պայքարում մեր ճանապարհը կիսող գործընկերոջ փոխարեն եւս 10-20 կամ 100 մարդ է ավելանում։ Այսինքն, իրենք իսկ օգնում են ձնագնդի էֆեկտը ստեղծելու հարցում, որովհետեւ մարդիկ հոգնել են ռեպրեսիաներից, եւ հենց այդ ռեպրեսիաներն էլ հիմք են դառնում մարդկանց փոփոխության պահանջի։ Մենք մի իրականության մեջ ենք բնակվում, որտեղ իշխանությունը ռազմական բյուջեն պակասեցնում է, գրեթե եռապատկվել է իրավապահ համակարգի, ՆԳՆ բյուջեն, եւ այդ իրականությունում, որտեղ ուղղակիորեն եւ էականորեն ավելացվում է իրավապահ մարմինների թվաքանակը, դրանց զուգահեռ՝ նույն համադրելիությամբ ավելանում են նաեւ հանցագործությունների քանակն ու տեսակը։ Սա վկայում է այն մասին, որ իրավապահ մարմինները զբաղված չեն իրենց գործառույթներով։ Իսկ մենք՝ բոլորս ենք տեսնում, որ այդ մարմինների մեծաքանակությունը բացառապես քաղաքական սպասարկման նպատակ ունի այս իշխանությունների համար՝ իրենց աթոռը պահելու, իրենց քաղաքական վերարտադրությունը երաշխավորելու։
– Ակնհայտ է, որ այս ռեժիմն իր համար թիվ մեկ մրցակից հռչակել է «Ուժեղ Հայաստանին»՝ հանձին Սամվել Կարապետյանի։ Տպավորություն է, որ Պուտինի՝ Փաշինյանի հետ վերջին հանդիպման ժամանակ արած ակնարկն ավելի է բորբոքել ՀՀ իշխանությունների վախերը։
– Ես կվերաձեւակերպեի․ ոչ թե Փաշինյանն է որոշել, այլ հայ ժողովուրդը կայացրեց որոշում ու իր աննախադեպ հանրային աջակցությամբ ընտրեց այն մարդուն, որը հաղթանակելու է եւ կոտրելու է այս դժվարին ու կորուստների շրջանը։ Սամվել Կարապետյանը, իրապես մեր քաղաքական ուժի առաջնորդի պարագայում, իրավիճակը բացառիկ է, որովհետեւ նա այս կարճ ժամանակահատվածում դարձել է քաղաքական ֆավորիտ, այս կարճ ժամանակահատվածում ահռելի հանրային աջակցություն ունի մեր քաղաքական ուժը, եւ պատահական չէ նաեւ, որ սոցիալական հարցումներով Սամվել Կարապետյանն առաջատար է՝ որպես գործիչ եւ անձ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանից։ Իշխանության վախերն էլ բորբոքել է հայ ժողովուրդն իր աջակցությամբ, իր լայնախոհությամբ, որովհետեւ մարդիկ, մենք տեսնում ենք, կքված են սոցիալ-տնտեսական բեռի, ծանր պայմանների տակ, որքան էլ փորձում են մանիպուլացնել նրանց այս նախընտրական շրջանում, շահագրգռել նյութապես, որ իրենց քվեն տան այս գործող ուժին։ Այնուամենայնիվ, ժողովուրդն արդեն երկու անգամ իր քվեն է տվել իրենց, բայց երկու անգամ էլ ՔՊ-ն, ըստ էության, խախտել է իր քաղաքացիական պայմանագիրը ժողովրդի հետ, ձախողել է իր տված խոստումների գրեթե 90 տոկոսը՝ սկսած Արցախի հարցից, որովհետեւ հենց այս պահին կառավարության գործող ծրագրում գրված է, եւ ինչ էին ասում, որ Արցախի ինքնորոշման հարցը, Արցախի անվտանգության երաշխավորումը, ասում էին՝ ընտրեք մեզ, որպեսզի Արցախը մնա։ Ժողովուրդն ընտրեց իրենց, եւ հերիք չէ, որ Արցախն այլեւս չկա, ինչը մեր պատմական դժբախտությունն է, այլեւ այս պահի դրությամբ Հայաստանի ինքնիշխանությունն է խախտված՝ ՀՀ-ում ադրբեջանական զինված ուժերի ներկայություն կա։
– Փաստորեն, Կարապետյանն այնքան ազդեցիկ է, որ վախեր կան ոչ միայն Փաշինյանի շրջապատում, այլ՝ Բաքվում։ Երկար ժամանակ լուսանցքում հայտնված Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Մամեդյարովը զառանցել է, թե հայ ժողովուրդը հոգնել է Քոչարյաններից, Կարապետյաններից։
– Այն հանգամանքը, որ Ադրբեջանի տարբեր պաշտոնատար անձինք աջակցում են Նիկոլ Փաշինյանին, սա առաջին ազդակն է հայ ժողովրդի համար, որ չընտրեն Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ չի կարող Ադրբեջանի աջակցությունը ստացած քաղաքական ուժը հայկական շահի տեսանկյունից լինել վստահելի։ Ու հենց այդ նպատակով ենք սկսել մեր պայքարը, իսկ Սամվել Կարապետյանից մեծ վախի չափաբաժին ունեն հայոց ազգային շահի հետ խնդիրներ ունեցողները։ Եվ այդ վախը շատ տեղին է, որովհետեւ Սամվել Կարապետյանն այս պայքարում՝ հանուն հայրենիքի, պետականության, միանշանակ, հաջողելու է։
– Փաշինյանն օրերս ընտրություններում ֆավորիտ համարվող երեք ուժերին՝ գլխավորությամբ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, որակեց որպես «պատերազմի եռագլուխ հրեշ», թեեւ, անկեղծ լինենք, պատերազմի եռագլուխ դեւը հենց Փաշինյան-Ալիեւ-Էրդողան դեւն է, որ շարունակում է Հայաստանին նորանոր աղետներ պատճառել։
– Սրանք մանիպուլյատիվ պիտակավորումներ են, այն գործիչն ու այն քաղաքական ուժը, որոնք ամենաշատն են պատերազմներ բերել մեր պետության ու ազգի գլխին, այդ թվում՝ սեպտեմբերյան, 2020-ի 44-օրյան, այնուհետեւ ջերմուկյան մարտերը՝ արդեն ՀՀ-ում, ապա 2023-ին՝ Արցախի վրա հարձակումն ու հայաթափումը, սեպտեմբերի հերթական պատերազմով սպառնում են մեր ժողովրդին։ Մեզ պատերազմով սպառնում է մե՛կ Ալիեւը, մե՛կ էլ՝ Փաշինյանը։ Ու հենց սրա դեմ է մեր պայքարը․ մենք գալիս ենք՝ վերադարձնելու մայիսյան հաղթարշավները, գալիս ենք, որ հայ ժողովուրդն ունենա իրական եւ երաշխավորված խաղաղություն։ Պետական ամբողջ ռեսուրսով կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի նկարի, ազատության, վերջերս՝ նաեւ անվան դեմ, բայց այս ամենն ապարդյուն է լինելու, քանի որ հայ ժողովուրդը գտել է իր պահանջները բավարարող գործչի, մարդու, որը քաղաքական բացասական հետագիծ չունի եւ ունի բացառիկ փորձառություն։
– Ինչպես ասում են, հունիսի 7-ին հաջորդելու է հունիսի 8-ը․ 8-ամյա նվաստացուցիչ ու մահաբեր խավարին արդյո՞ք կփոխարինի արժանապատիվ եւ ուժեղ Հայաստանի նոր արշալույսը։
– Ապրիլի 22-ին մենք ԿԸՀ մուտք արեցինք մեր քաղաքական ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» փաստաթղթերը․ սա հաղթարշավ ենք որակում ու գնում ենք բացարձակ հաղթանակի։ Սա, մեր կարծիքով, բնավ դասական ընտրապայքար չէ, սա պայքար չէ իշխանության համար, մեր առաջնորդն իշխանության ձգտելու մոտիվացիա չուներ, նա պարզապես եկավ ու վերցրեց հայկական ինքնության համար կռվող պայքարի վահանը, եւ մեզ համար պատիվ է իր հետ այդ վահանը բարձր պահելու, դա պայքար է հայկական ինքնության ու մեր պետականության գոյի համար։ Ու մենք, վստահաբար, հաջողելու ենք, եւ ուժեղ Հայաստան լինելո՛ւ է։

Բաց մի թողեք
Ընտրողների շուրջ 30-40 տոկոսը դեռեւս չգիտի, թե ում է ընտրելու
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ինստագրամից մոռացել են ջնջել․ Լուսանկար
Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի