Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Եվգենի Պրիմակովը ազատվել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործադիր տնօրենի պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվել է Իգոր Չայկան, որ մինչ այդ զբաղեցնում էր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը։
Ուշագրավ է, որ Եվգենի Պրիմակովը խորհրդային-ռուսաստանյան հայտնի արեւելագետ, հետախույզ, դիվանագետ, պետական գործիչ Եվգենի Պրիմակովի թոռն է, Իգոր Չայկան՝ ՌԴ նախկին գլխավոր դատախազ Յուրի Չայկայի որդին։
Ո՞րն է կրտսեր Եվգենի Պրիմակովի պաշտոնանկության պատճառը, Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունը այդ մասին ոչինչ չի ասում։ Վերջին մեկ տարում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հետ կապված սկանդալային երկու դեպք է հայտնի։
Անցյալ հունիսին Բաքվում խուզարկություն է անցկացվել «Ռուսսկիյ դոմ» կոչված հաստատության գրասենյակում, ինչից հետո «Սպուտնիկ Ազերբայջան»-ի Բաքվի գրասենյակի տնօրենը և գլխավոր խմբագիրը ձերբակալվել, ապա կալանավորվել են։
Նրանք նախապես մեղադրվել են Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործակալ լինելու, ապա՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու և ֆինանսա-տնտեսական խարդախության մեջ։ Ամիսներ անց նրանք նախ տնային կալանքի են փոխադրվել, ապա և ազատ արձակվել։ Այդուհանդերձ, Բաքվում «Ռուսսկիյ դոմի» գրասենյակը փակվել է և առայսօր չի գործում։
Երկրորդ և ավելի հնչեղ սկանդալը տեղի է ունեցել Բեյրութում։ Իսրայելական օդուժը ավերել է «Ռուսսկի դոմ»-ի գրասենյակը և հիմնավորել, որ «այն վաղուց քաղաքացիական օբյեկտ չէր, վերածվել էր «Հըզբալա»-ի զինապահեստի»։
Մոսկվան, իհարկե, այդ հիմնավորումը չի ընդունել, բայց և որևէ հակաքայլ չի ձեռնարկել, ինչից հասկացվում է, որ Իսրայելը իր քայլը հիմնավորող բավարար ապացույցներ ներկայացրել է։
«Ռոսոտրուդնիչեստվո»-ն ստեղծված է հետխորհրդային երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններում «փափուկ ուժի» կիրառման նպատակով։ Ուկրաինայի դեմ պատերազմից հետո իրավիճակ է փոխվել։
Երկու շաբաթ առաջ ՌԴ նախագահ Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ԱՊՀ անդամ երկրների հետ հարաբերությունների հարցը։ Զեկուցել է արտգործնախարար Լավրովը, ներկա են եղել երկու հատուկ ծառայությունների ղեկավարներ Բորտնիկովը և Նարիշկինը։
Կրտսեր Եվգենի Պրիմակովի պաշտոնանկությունը, ամենայն հավանականությամբ, որոշվել է այդ քննարկումների արդյունքով։ Ի՞նչ խնդիր է դրվել «Ռոսոտրուդնիչեստվո»-ի նոր գործադիր տնօրենի առջև, կարելի է միայն ենթադրել։
Ամենայն հավանականությամբ, «Ռուսսկիյ դոմ»-ի ներկայացուցչություններում նույնպես կադրային փոփոխություններ կարվեն, բայց Ռուսաստանի և հետխորհրդային երկրների հարաբերություններում դրանից հազիվ թե էական առաջընթաց լինի։
Ի՞նչ քայլեր կձեռնարկի Իգոր Չայկան, պարզ կլինի տեսանելի ապագայում, բայց բուն խնդիրը պայմանավորված չէ անձերով, այլ համակարգային է և առաջին հերթին պայմանավորված է նրանով, թե ի՞նչ է առաջարկում Ռուսաստանը։
Այն, ինչ ՌԴ իշխանությունների գաղափարախոսության և քաղաքակրթական արժեհամակարգի հիմքում է, իսկ դա արեւմտյան աշխարհի հետ սուր դիմակայությունն է, հետխորհրդային երկրների համար պահանջված չէ։

Բաց մի թողեք
Ո՞վ Թրամփին «կօգնի» հաղթել Իրանին
Ուկրաինայի դեմ պատերազմի մասնակիցները՝ ՌԴ կառավարման գործադիր համակարգում
Թրամփի Պեկին եռօրյա պետական այցն ու Պուտինի խանդը