Իրանի խորհրդարանի ազգաային անվտանգության կոմիտեի անդամ Էբրահիմ Ռեզային Պակիստանին քննադատել է «անկողմնակալ միջնորդ չլինելու և Դոնալդ Թրամփին աջակցելու» համար և այդպիսով հասկացրել, որ Իսլամաբադի բանակցային հարթակն այլևս պահանջված չէ։
Նրա գնահատմամբ, Պակիստանը մնում է Իրանին «բարեկամ երկիր», բայց «միջնորդը պետք է միջազգային բարձր հեղինակություն ունենա և լինի անկողմնակալ»։
Ռուսաստանի ՌԻԱ Նովոստի պետական գոործակալությունը, հղելով լիբանանյան Al Mayadeen հեռուստաընկերությանը, հայտնել է, որ Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է «եռափուլ բանակցություններ»։ Առաջին փուլում պետք է արձանագրվի պատերազմի ավարտը, Միացյալ Նահանգները պարտավորվեն, որ հարձակումը չի կրկնվելու։
Իրանը առաջարկում է երկրորդ փուլում կարգավորել Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցը՝ հաշվի առնելով նաև Օմանի շահերը։ Այդ երկու հարցերում համաձայնության հասնելու դեպքում Իրանը պատրաստ է քննարկել միջուկային ծրագրի հետ կապված հարցերը։
Ապրիլի 27-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին մեկնում է Մոսկվա։ Բանակցությունների իսլամաբադյան հարթակի չեղարկումից հետո տրամաբանական է թվում, որ Ռուսաստանը կարող է միջնորդ լինել, բայց ԱՄՆ-ը կհամաձայնի՞ Իրանի հետ բանակցություններում Պուտինի ներգրավվածությանը, բարդ է կողմնորոշվել, մանավանդ որ ուկրաինական կարգավորման ամերիկյան միջնորդությունը գրեթե «սպառված» է։
Իրանա-ամերիկյան բանակցություններում Թուրքիայի միջնորդությունը նվազ հավանական է թվում։ Թեհրանը պնդում է, որ պատերազմի ավարտը պետք է ներառնի նաեւԼիբանանի հարավից իսրայելական զորքերի դուրսբերումը։
Այդ հարցում Անկարան գրեթե նույն տեսակետն ունի, ուստի Վաշինգտոնը, նկատի ունենալով ԱՄՆ-Իսրայել առանձնահատուկ հարաբերությունները, հազիվ թե համաձայնի թուրքական դերակատաարությանը։
Այս համատեքստում տրամաբանական է թվում իրանա-ամերիկյան բանակցություններին Չինաստանի միջնորդությունը։ Պատասխաանելով Իրանին Չինաստանի աջակցության մասին հարցին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ասել է, որ այն «կարող էր ավելի մեծ լինել», և ինքը Պեկինի դիրքորոշումից «մեծ հիասթափություն չունի»։
Անցյալ ամիս Չինաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու և միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնարար սկզբունքներով առկա խնդիրները կարգավորելու նախաձեռնությամբ։
Ո՞րն է Չինաստանի նախաձեռնության «առարկայականությունը», մանրամասնություններ հայտնի չեն։ Իսլամաբադում բանակցությունների մեկնարկին մի շարք լրատվամիջոցներ գրել են, որ իրանական պատվիրակությունը «ենթարկվել է Չինաստանի պահանջին, որ սպառնացել է դադարեցնել նավթի գնումները, եթե Թեհրանը հրաժարվի»։

Բաց մի թողեք
Իսլամական հեղափոխության հրամանատարության դիվանագիտությունը չի աշխատում, Մոսկվան կօգնի՞
Ո՞րն է կրտսեր Պրիմակովի պաշտոնանկության պատճառը, «Ռուսսկիյ դոմ»-ում նույնպես կադրային փոփոխություններ կարվեն
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Կովկասյան տերություն ճանաչվի