28/04/2026

EU – Armenia

Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կժամանի նաև Կանադայի վարչապետը. Լուսանկար

Հաջորդ շաբաթ եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար:

Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի կայքը։

Մարկ Քարնին կլինի եվրոպական այս ձևաչափի հիմնադրումից ի վեր առաջին ոչ եվրոպացի առաջնորդը, որը որպես հյուր կմասնակցի այս հավաքին։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ գագաթնաժողովը կանցնի «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։

«Երևանում քննարկումները կկենտրոնանան ժողովրդավարության դիմադրողականության ամրապնդման, հաղորդակցությունների զարգացման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդման վրա։ Մասնակիցները կքննարկեն՝ ինչպես կարող են ավելի սերտ համագործակցելով և համակարգված գործողություններով նպաստել ավելի դիմացկուն, անվտանգ և միասնական եվրոպական տարածքի ստեղծմանը»,- հայտարարել է Եվրահանձնաժողովը։

Գագաթնաժողովին հրավիրված են ԵՄ անդամ 27 երկիր, ինչպես նաև գործընկեր պետությունները, այդ թվում՝ Ադրբեջանը և Թուրքիան։

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն անցած շաբաթ հայտարարել էր, որ առայժմ ո՛չ Բաքվից, ո՛չ Անկարայից չեն արձագանքել Երևանի մասնակցության հրավերներին։

Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումները մեկնարկել են 2022-ից՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։ Դրանք անցկացվում են տարին երկու անգամ ԵՄ անդամ և ոչ անդամ պետություններում՝ եվրոպական աշխարհամասի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը ամրապնդելու, փոխադարձ հետաքրքրող թեմաներ քննարկելու համար։

Մինչ այդ գագաթնաժողովները հյուրընկալել են Չեխիան, Մոլդովան, Ալբանիան, հաջորդը Երևանից հետո կանցկացվի Իռլանդիայում այս տարվա նոյեմբերին։