28/04/2026

EU – Armenia

Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խմբի մասին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն անդրադարձել է Կարսում տեղի ունեցած հայ և թուրք պաշտոնյաների հանդիպմանը՝ նշելով, որ պատմական առաջընթաց է խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին:

«Պատմական առաջընթաց խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին։

Այսօր՝ ապրիլի 28-ին, Կարսում տեղի ունեցավ հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը՝ ձևավորելու Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Հայաստանի և Թուրքիայի միջև այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ է։

Այսօրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման՝ Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը:

Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեսքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը: