Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Մարիանա Սպոլյարիչի հետ, որի ընթացքում Իսրայելին և Միացյալ Նահանգներին մեղադրել է Իսլամական հանրապետության տարածքում «հարյուր երեսուն հազար քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ հիվանդանոցներ և դպրոցներ, ոչնչացնելու» մեջ։
Ղարիբաբադին նաև ռազմա-քաղաքական նշանակության կարևոր հայտարարություն է արել։ Նա ասել է, որ իրենց օդային կամ ցամաքային տարածքը և լոգիստիկ հնարավորությունները Իրանի դեմ հարվածներ հասցնելու նպատակով Իսրայելին և Միացյալ Նահանգներին տրամադրած երկրները պաշտոնապես «զրկվում են չեզոք կարգավիճակից և դիտվում որպես թշնամի»։
Ղարիբաբադին հավաստիացրել է, որ Իրանի իշխանությունները «փաստաթղթավորված ապացույցներ ունեն, թե հարևան և տարածաշրջանի երկրներից որը նրա թշնամիներին ինչ աջակցություն է ցուցաբերել»»
Իրանը դեռեւս անցյալ տարվա հունիսի «տասներկուօրյա պատերազմի» ընթացքում է նման տեսակետ հնչեցրել, բայց, կարծես, առաջին անգամ է, որ Թեհրանը խոստանում է ապացույցներ ներկայացնել։
Ընդ որում, դա արվում է ՄԿԽԿ նախագահի հետ հանդիպման ընթացքում և այն համատեքստում, որ «Իրանի քաղաքացիական օբյեկտների ոչնչացումը միջազգային հանրության կողմից պետք է ճանաչվի որպես ռազմական հանցագործություն»։
Առավել ուշագրավ է Իրանի փոխարտգործնախարարի հայտարարության առթիվ Israel Inside-ի վերլուծականը, որտեղ Իրանի սպառնալիքին երկրների շարքում նշված են նաև Հորդանանը և Ադրբեջանը։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումից ի վեր, ամենայն հավանականությամբ, առաջին անգամ է, որ իսրայելական լրատվամիջոցը Ադրբեջանը դասում է Իսրայելին և Միացյալ Նահնագներին օժանդակող երկրների՝ Պարսից ծոցի միապետությունների և Հորդանանի շարքին եւ արձանագրում, որ Թեհրանի սպառնալիքը նաև նրան է հասցեագրված։
Իսրայելական «Եդիոտ ահրոնոտը», հղելով ամերիկյան աղբյուրներին, գրել է, որ ԱՄՆ նախագահը, հավանաբար, «կերկարաձգի Իրանի հետ հրադադարը, իսկ Իսրայելը պատրաստվում է այաթոլլաների վարչակազմի դեմ նոր հարվածների», իսկ Israel Inside-ը «զգուշացրել» է, որ Իրանը «շրջապատված է հարեւաններով, որ առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են լուռ կամ անգամ բացահայտ աջակցել իրանական ռազմական մեքենայի ապամոնտաժմանը»։
Այդ հարևանների շարքում նաև Ադրբեջա՞նն է։ Ուկրաինայի նախագահի և Չեխիայի վարչապետի հետ Իլհամ Ալիևի փակ բանակցություններից հետո իշխանական haqqin.az-ը միանշանակորեն հավաստիացրել է, որ Ադրբեջանը «Միացյալ Նահանգների հետ նույն ճամբարն է ընտրել»։

Բաց մի թողեք
Ինչ իրոք էքզիստենցիալ փորձություն կլինի Մուստաֆաևի այցը Հայաստանի համար
Ո՞վ է «մասնատում» տարածաշրջանը, Էրդողանը հասցեագրում չի արել
Ուկրաինայի դեմ պատերազմի մեկ ժամն արժենում է 22 միլիոն դոլար