Ուրեմն ամբողջ աշխարհը ՄԱԿ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր կառույցներով, հումանիտար տարբեր կազմակերպություններով ու առաքելություններով փորձում է պահպանել երկրագնդի ամենահեռավոր անկյուններում գտնվող մշակութային արժեքները, արգելել բարբարոս ցեղերին վանդալիզմի գնալ՝ մարդկության պատմության ընթացքում ստեղծված արժեքները ոչնչացնել, իսկ մեր իշխանություններն այն աստիճանի են ծնկաչոք իջել թշնամու առաջ, որ անգամ վախենում են մշակութային արժեքները պաշտպանել։
Հրապարակ թերթը գրել է․ Վախենում են ասել, որ վանքերն ու հուշարձանները համամարդկային արժեք են՝ անկախ նրանց գտնվելու վայրից, կառուցման տարեթվից, հեղինակներից, չի կարելի դրանք հողին հավասարեցնել։ Չէ՞ որ մենք Երեւանի Կապույտ մզկիթ ենք նորոգել, Ռուբեն Վարդանյանը Շուշիի մզկիթն է վերականգնել՝ իր միջոցներով։
Ինչպե՞ս կարելի է չդատապարտել, ավելին՝ արդարացնել հուշարձան քանդելը։ Այն էլ այդքան տհաս, ստորակարգ բացատրություններով, թե իրենց տարածքում է, ինչ ուզեն, կանեն։ Կամ՝ եթե Արծվաշենը հետ բերենք ու տեսնենք, որ այնտեղ մզկիթ է կառուցվել՝ ի՞նչ ենք անելու։ Ոչինչ չենք անելու՝ պահպանելու ենք։
Պարզ է, որ պատերազմի ժամանակ ինչ-որ բան կարող է նաեւ ոչնչանալ ու կորսվել, բայց երբ խաղաղ պայմաններում գերեզման ու հուշարձան են ավերում, ինչպե՞ս կարելի է գոնե խոսքով դա չդատապարտել։ Կոչ չանել, որ չավերեն հուշարձանը։ Հասկացանք՝ վախենում եք Արցախի ու Արցախ վերադարձի մասին խոսել։ Բայց, փաստորեն, վախենում եք նաեւ շարժվել, շնչել, ապրել․․․ մարդ մնալ։
Այդ դեպքում ինչո՞ւ եւ ինչպե՞ս եք ուզում մնալ իշխանության՝ այդքան վախերով, այդպես ոչնչացած, այդ աստիճան մարդկային կերպարը կորցրած։ Գնացեք՝ գլորեք ձեզ հասանելիք տարիները, վայելեք ձեր 8 տարվա աշխատածը, թողեք՝ այս ազգը խելքի գա, հաղթահարի վախերը, վերագտնի մարդկային արժանապատվությունը, վերականգնի աշխարհի հետ հարաբերվելու ձեւերը, իր մեջ ուժ գտնի՝ ինչ-որ հարցում թշնամուն «ոչ» ասելու։
Այսքան ու այսպես ատել սեփական ազգն ու պետությունը, ուղղակի անբացատրելի, անհասկանալի իրողություն է։

Բաց մի թողեք
Ինչու էին բերման ենթարկել գյումրեցի տարեց կնոջը
Առաջադրվել են, բայց փող չունեն
Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում Հայաստանի համար