Իրանի ներպետական բանավեճի շրջանակներում գնահատական է հնչել, որ եթե իրանական նավահանգիստների շրջափակումը ևս վեց-ութ շաբաթ շարունակվի, դա կբերի տնտեսական ցուցանիշների վատթարացման, ինչի հետևանքով կվերսկսվեն անցյալ դեկտեմբեր-հունվարի բողոքները։
Այս մասին առանց որևէ աղբյուր վկայակոչելու գրել է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան»։
Ավելին, պարբերականը մանրամասնել է, որ այդ հարցը «քննարկվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստում, որ նախագահել է կառույցի ղեկավար Մոհամադ Բաղեր Զոլղադրը, հրապարակվել են իրանական հակահետախուզության հաշվետվությունները»։
Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցի, դրանք ցույց են տալիս, որ «ազգային տնտեսությունը մոտ է փլուզման»։
Այդուհանդերձ, ինչպես փաստում է «Նեզավիսիմայա գազետա»-ն, Իրանի պաշտոնական ներկայացուցիչները «հասկանալ են տալիս, որ պատրաստ չեն ծովային շրջափակման պայմաններում բանակցությունների գնալ», և միջնորդներին արված «բոլոր առաջարկությունները առանցքային հարցերում առավելապաշտական» են։
Շատ ուշագրավ է, որ ռուսաստանյան պարբերականը, արդեն հղում անելով ամերիկյան «ուսումնասիրությունների կենտրոններին»՝ հրապարակայնացնում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ահմեդ Վահիդին «ԱՄՆ հետ պատերազմի կողմնակից է, գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մոտ մուտքի բացառիկ արտոնություն ունի և հատկապես նա է հանդես գալիս «ռահբարի խոսնակի» դերում։
Արձանագրելով, որ Իրանում փաստացի իշխանությունը անցել է ԻՀՊԿ հրամանատարին, «Նեզավիսիմայա գազետա»-ն եզրակացնում է: «Դա վկայում է, որ մոտ ապագայում Իրանի բանակցային դիրքորոշումը չի մեղմանա․ Մոջթաբան արտոնել է այդ քաղաքականությունը»։
Ռուսաստանը պաշտոնապես դատապարտել է Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը։ Իսլամական հանրապետության արտգործնախարար Արաղչիի Սանկտ Պետերբուրգ այցից և ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո ՌԻԱ Նովոստին խմբագրական հոդվածում ընդգծել է, որ «Մոսկվան Թեհրանին ամենամեծ օժանդակությունն է ցուցաբերում՝ առաջնահերթ սահմանելով միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորումը»։
Կարելի է ենթադրել, որ Պուտին-Արաղչի բանակցությունների արդյունքում «մշակվել են որոշակի գաղափարներ, որ, սակայն, ԻՀՊԿ հրամանատար Վահիդին մերժել» է։ Ռուսաստանյան պարբերականի բացահայտումը, որ, գուցե, հետախուզական տեղեկություն է, թե Վահիդին «ռահբարի խոսնակն» է, վկայում է, որ Մոսկվայում ԻՀՊԿ հրամանատարից դժգոհ են։ Բացառված չէ, որ «կարգավորման իրանա-ռուսաստանյան սկզբունքները մերժվել են նաև ԱՄՆ նախագահի կողմից»։
Իրանի շուրջ իրավիճակի խիստ անորոշության պայմաններում իսրայելական աղբյուրները հայտնել են, որ վերջին օրերին «վեց հազար հինգ հարյուր տոննա ընդհանուր ծավալով նոր սպառազինություններ են ներկրվել Իսրայել», իսկ պաշտպանության նախարար Կացը հայտարարել է, որ բանակը «ամենակարճ ժամկետում ձեռնամուխ լինել ցանկացած խնդրի լուծման»։
Կարծես թե իրականությանը մոտ է այն վարկածը, որ «ԱՄՆ-ը դուրս կգա պատերազմից, որպեսզի Իսրայելը շարունակի այն»։ Բայց դա ավարտ կլինի՞։

Բաց մի թողեք
Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել
Մոսկվան չի ընդունում Եվրամիություն – Հայաստան գործընկերությունը
Իրանը, մյուս կողմից Թուրքիան ձգտում են Իսրայելի դեմ ռազմաքաղաքական դաշինք ձևավորել