2023-2024 թվականներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում աշխատանքից ազատեցին միջին մասնագիտական, մանկավարժական եւ այլ կրթություն ունեցող ուսուցիչներին, ովքեր բուհի դիպլոմ չունեին, չնայած նրանցից շատերը դպրոցներում մանկավարժական աշխատանքի հաջողված փորձ ունեին։
Հրապարակ թերթը գրել է․ Այդ պատճառով ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատանքից ազատվեց մոտ 1350 ուսուցիչ։ Բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմ չունենալու համար աշխատանքից ազատվեցին երկարամյա փորձ ունեցող ուսուցիչներ, այն դեպքում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բուհի դեպլոմ չունի, Հայաստանում համայնքների ղեկավարներ, մարզպետարանների պաշտոնյաներ են պաշտոնավարում՝ չունենալով բարձրագույն կրթություն։
Բուհի դիպլոմ չունենալու պատճառով Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատանքից ազատվեց 55 ուսուցիչ, որոնց զգալի մասն աշխատում էր սահմանամերձ, հեռավոր գյուղերում։ Այդ պատճառաբանությամբ ուսուցիչների կրճատման հետեւանքով սահմանամերձ, հեռավոր, փոքր գյուղերում ուսուցիչների թափուր հաստիքներ առաջացան, եւ այդ պակասը լրացրին այլ բնակավայրերում ապրող ուսուցիչներով։ Նրանց տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում էին պետական բյուջեից։ Պետբյուջեից ֆինանսավորվում էին նաեւ այլ բնակավայրերի դպրոցների ավագ դասարաններ հաճախող աշակերտների տրանսպորտային ծախսերը։ Սակայն 2025-2026 ուսումնական տարվա սկզբից դադարեցվեց պետբյուջեից ուսուցիչների ու աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը։
Ապրիլի 17-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «2025թ․ սեպտեմբերից դադարեցվել է այլ բնակավայրերի հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչներին ու այլ բնակավայրերի դպրոցներ հաճախող աշակերտներին տրանսպորտային ծախսերի պետական բյուջեից փոխհատուցումը։ Ե՞րբ է վերսկսվելու այդ գումարների փոխհատուցումը։ 2026թ․ պետբյուջեով որքա՞ն գումար է հատկացված այդ նպատակով»։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ. նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացվել են համալիր ստուգումներ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցումը ժամանակավոր դադարեցվել էր: Ֆինանսավորումն արդեն իսկ վերականգնվել է նախորդ տարվանից՝ բացառությամբ մի քանի խնդրահարույց դեպքերի։ ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1242-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ բոլոր շահառուների համար ԿԳՄՍ նախարարության 2026 թվականի բյուջեում նախատեսված են ֆինանսական համապատասխան միջոցներ»:
ԿԳՄՍ փոխնախարարը չի պատասխանել հարցին, թե 2026 թվականին որքան գումար է նախատեսված ուսուցիչների ու աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար։

Բաց մի թողեք
Ընդունելությունն ու այցը «խառնել» է իրար
Վարտիք, գուլպա, ածելի․ ինչ է գնել Կոտայքի մարզպետարանը
Անձնագիրը տալու են հունիսի 10-ին, որ քվեարկությանը չմասնակցի