03/05/2026

EU – Armenia

Միացյալ Նահանգները ձգտում է թոթափել ռուս-ուկրաինական կարգավորման պատասխանատվությունը

The Inside պարբերականը, հղում անելով ռուսաստանյան իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ Մոսկվայի մայիսյան զորահանդեսին մասնակցելու ցանկություն են հայտնել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահներ Լուկաշենկոն, Տոկաևը և Ժապարովը, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի «առաջնորդները»։

Ըստ տեղեկությունների, Սլովակիայի վարչապետ Ֆիցոն այդ օրը կայցելի Մոսկվա, բայց զորահանդեսին ներկա չի գտնվի, միայն կայցելի Անհայտ զինվորի հուշահամալիր և մեկ րոպե լռությամբ կհարգի բոլոր զոհվածների հիշատակը։

Այս ֆոնին Սլովակիայի վարչապետը սոցիալական X հարթակում մայիսի 2-ին գրառում է կատարել և հայտնել իր և Ուկրաինայի նախագահ Զելենսկու նույն օրը կայացած հեռախոսազրույցի մասին։ Նա տեղեկացրել է, որ Սլովակիան «պաշտպանում է Եվրամիության անդամակցելու Ուկրաինայի ձգտումը, քանի որ ցանկանում է ունենա ժողովրդավարական և անվտանգ հարևան»։

Սլովակիայի վարչապետը նաև հրապարակայնացրել է ռուս-ուկրաինական կարգավորման հարցում իր երկրի դիրքորոշումը, որ «առանց Ուկրաինայի համաձայնության լիարժեք կայունություն չի կարող լինել»։ Այդ հեռախոսազրույցի մասին զուգահեռ տեղեկություն է տարածել նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին։

Նա բացահայտել է, որ երկխոսությունը ինքն է նախաձեռնել և Սլովակիայի վարչապետի պայմանավորվել է հանդիպել Երևանում՝ Եվրոպայի ժողովրդավարական համայնքի գագաթաժողովի շրջանակներում։ Զելենսկին նաև տեղեկացրել է, որ Ֆիցոյին հրավիրել է Կիև և նրանից փոխադարձ այցելության հրավեր ստացել։ «Մեր թիմերն այժմ աշխատում են այդ ուղղությամբ»,- ամփոփել է Ուկրաինայի նախագահը։

Սլովակիան Եվրամիության անդամ է և վերջին երկու-երեք տարիներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և Ուկրաինային աջակցության հարցերում Հունգարիայի հետ խնդիրներ է հարուցել։ Ինչպես հասկացվում է Զելենսկու հետ հեռախոսազրույցի մասին վարչապետ Ֆիցոյի տարածած տեղեկությունից, Սլովակիան որոշել է Ուկրաինայի հետ երկխոսություն սկսել։

Մոսկվա այցին ընդառաջ Զելենսկու հետ Երևանում ծրագրած նրա հանդիպումը, անկասկած, սկզբունքային նշանակություն ունի։ Բացառված չէ, որ Սլովակիայի վարչապետը Զելենսկուց Պուտինին ուղերձ փոխանցելու «միջնորդություն է իրականացնում»։ Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները ձգտում է թոթափել ռուս-ուկրաինական կարգավորման պատասխանատվությունը։

Կարգավորման բանակցությունները Բաքվում վերսկսելու Զելենսկու առաջարկությունը Մոսկվան մերժել է։ Մամուլում տեղեկություն է տարածվել, որ «ռուս-ուկրաինական գագաթաժողով կարող է կազմակերպել Թուրքիան»։ Եթե Սլովակիայի վարչապետն իրոք մեկնի Մոսկվա, պետք է ենթադրել, որ նա Ուկրաինայի նախագահի հետ Երևանում հանդիպումից Պուտինին «առաջարկություն է տարել»։