Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միացել է տեսակապով։
Նրա ելույթը կառուցված էր ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Լեռնային Ղարաբաղի ամբողջական անեքսիան միջազգայնորեն լեգիտիմացնելու և այդ հիմքով Հայաստանի հետ խաղաղությունը ինտիտուցիոնալացնելու «նախապայմանի» ևս մեկ անգամ հրապարակարակայնացնելու նպատակադրվածությամբ։
Ալիեւը դժգոհել է ԵԽԽՎ-ից և Եվրախորհրդարանից, որ Ադրբեջանի վերաբերյալ «կեղծիք» են տարածում։ Ադրբեջանի նախագահը 2023թ․ սեպտեմբերի 19-20-ի մեկօրյա ահաբեկչական պատերազմը ներկայացրել է որպես «ինքնիշխանության հաստատում, անջատողականության վերացում և ռազմական հանցագործների դատապարտում»։
Ալիևը փորձեց Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան հիմնավորել ՄԱԿ-ի 1993թ․ ապրիլ-նոյեմբեր ամիսներին ընդունած չորս բանաձևերով, որ, նրա ասելով՝ «մնացել» էին թղթի վրա, բայց այդ բանաձևերը ոչ թե պատերազմ սկսելու, այլ պատերազմը դադարեցնելու և ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի ձևաչափով ԼՂ կարգավիճակը որոշելու մասին են։
Այդուհանդերձ, Եվրախորհրդարանի ապրիլի 30-ի բանաձևը քննադատելիս Ալիևը չհամարձակվեց հակադարձել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնատեղահանության և նրա վերադարձի իրավունքի դրույթին, չկրկնեց իր կողմից բազմիցս հնչեցված թեզը, որ «Ղարաբաղի հայ բնակչությունը կամավոր է Հայաստան տեղափոխվել»։
Կարելի՞ ենթադրել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնատեղահանության հարցում Ադրբեջանը միջազգային աջակցություն չունի, թեև երևանյան գագաթաժողովի բոլոր մասնակիցները, այդ թվում և՝ Հայաստանի իշխանությունները, կատարված փաստը «լռելյայն ճանաչում» են։
Իր խոսքում Ալիևը Եվրախորհրդարանին քննադատել է, որ «փոխանակ զբաղվելու մի քանի անդամ-երկրների հիմնարար խնդիրներով, ինչպիսիք են այլատյացությունը, իսլամատյացությունը, հրեատյացությունը․․․ Ադրբեջանը ընտրել է թիրախ» և հավելել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը «նույն արժեքն ունի, ինչ ցանկացած երկրի տարածքային ամբողջականությունը և այդ հարցում երկակի ստանդարտներն անընդունելի» են։
Եթե այս միտքը «փակագծերից դուրս բերենք», ապա կստացվի, որ Ալիևը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձը գնահատում է որպես Ադրբեջանի «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում»։
Եթե դա հստակ արտահայտված այլատյացություն չէ այն իմաստով, որ հայերը և ադրբեջանցիները չեն կարող պետական-քաղաքական նույն համակարգում խաղաղ ապրել, ապա, ամենայն հավանականությամբ, խոստովանություն է, որ Ադրբեջանը բռանադատել է ԼՂ հայության ինքնորոշման իրավունքը և նրան հայրենազրկել։

Բաց մի թողեք
Արցախի հարցում չեն կարող օգտակար լինել, քանի դեռ Արցախը իր դժբախտությունը չի հասցեագրի Ռուսաստանին
Ռուսաստանը կարո՞ղ է Իրանին պարտադրել, որ ընդունի ամերիկյան կապիտուլյացիան
Զելենսկու Երևան այցը հայ-ուկրաինական սառնության տիրույթից դուրս է