04/05/2026

EU – Armenia

Արցախի հարցում չեն կարող օգտակար լինել, քանի դեռ Արցախը իր դժբախտությունը չի հասցեագրի Ռուսաստանին

Արցախի Ազգային ժողովը դիմել է Եվրոպայի քաղաքական համայնքի խորհրդաժողովի մասնակիցներին և պահանջել, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը հասցեական գնահատական տան, ապահովեն Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանումը, հայտարարություններից անցնեն գործնական քայլերի տիրույթ և երաշխավորեն բռնատեղահանված բնակչության հայրենիք վերադարձը՝ հարգելով նրա ինքնորոշման իրավունքը։

Արցախի Ազգային ժողովը հանդես է եկել որպես նրա ժողովրդի կողմից առաջնային մանդատով օժտված ներկայացուցչական մարմին։ Պայմանականորեն կարելի է ընդունել, որ 2020թ․ մայիսին ստանձնած մանդատը «դեռևս ուժի մեջ» է և համաձայնել, որ Եվրոպայի ժողովրդավարական համայնքի երևանյան խորհրդաժողովի մասնակիցները չպետք է ուշադրությունից դուրս թողնեն Արցախի հայ բնակչության բռնատեղահանությունը, մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը, ինչպես նաև հարյուր հիսուն հազար մարդու հայրենիք վերադառնալու իրավունքը։

Բայց ի՞նչ է նշանակում «պահանջում» ենք վերջնագիրը։ Եվրոպայի ժողովրդավարական համայնքի անդամ ոչ մի երկիր Արցախում ռազմական ներկայություն չի ունեցել, երբ Ադրբեջանը մեկօրյա պատերազմ է սանձազերծել։

Եվրոպական ոչ մի երկիր 2023 թ․ սեպտեմբերի 20-ին Արցախում կրակի դադարեցման պայմանավորվածության կողմ չէ, նույն օրը Եվլախում կայացած «բանակցությունների» միջնորդ չէ և ստանձնած որևէ պարտավորություն չի խախտել։

Ապրիլի 30- ին լրացել է «Կոլցո» ռազմագործողության մեկնարկի 35-րդ տարին։ Այդ օրը սկսվել է Գետաշենի խաղաղ բնակչության բռնատեղահանությունը։ Ռազմագործողության հետեւանքով ԼՂԻՄ-ում բռնատեղահանության է ենթարկվել հայկական քսանչորս գյուղ։ Ընդ որում, առաջին հերթին դատարկվել է Բերդաձորի ենթաշրջանը, ապա՝ Հադրութի լեռնային գյուղերը, որ սահմանակից են Հայաստանին։

Արցախի Ազգային ժողովը խորհրդա-ադրբեջանական այդ ռազմագործողության տարելիցի առթիվ հայտարարություն չի տարածել։ Պատճառը հասկանալի է: Ռուսաստանը ԽՍՀՄ իրավահաջորդն է, «Մոսկվային չի կարելի զայրացնել»։ Իսկ Եվրոպայից «պահանջել պետք» է։

Ցավալի է, բայց պետք է ուղղակի ասել․ սեփական ճակատագրի և հայրենիքի հարցում «մանկուրտային» այդ դիրքորոշումը ոչ մի տեղ չտանող ընտրություն է։ Եվրոպան, Եվրոպայի ժողովրդավարական համայնքը Արցախի հարցում չեն կարող օգտակար լինել, քանի դեռ Արցախը իր դժբախտությունը չի հասցեագրի գլխավոր պատասխանատուին՝ ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությանը։