04/05/2026

EU – Armenia

Մենք բազմաթիվ այլ գործիքակազմեր ենք կիրառելու՝ թրոլինգով ուշադրություն գրավելու համար

Կիրակի օրը «Բոլորին դեմ եմ» կուսակցության լիազոր ներկայացուցչին շուրջ կես ժամ թույլ չտվեցին մասնակցել ԿԸՀ նիստին, որտեղ վիճակահանությամբ պետք է որոշվեին քաղաքական ուժերի քվեաթերթիկների համարները:

Ուշացման պատճառը կուսակցության անդամների արտասովոր տեսքն էր. Կուսակցության լիազոր ներկայացուցիչը հանձնաժողովի նիստին էր ներկայացել Spider-Man-ի հագուստով, իսկ նրան ուղեկցող կուսակիցները Marvel-ի այլ հայտնի հերոսների կերպարներով էին: Մոտ 30 րոպե տևած քննարկումներից և իրավական պարզաբանումներից հետո, ներկայացուցչին, այնուամենայնիվ, թույլատրվել էր մուտք գործել դահլիճ։

Տպավորություն է, որ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ամեն կերպ փորձում է պրոցեսը անլրջացնել եւ մարդիկ կասկածներ ունեն, որ նրանք Փաշինյանի պրոյեկտն են` նրա «ջրաղացին» են ջուր լցնում, ընտրությունները վարկաբեկելով և այլն։

«Հրապարակը» զրուցել է «Բոլորին դեմ եմ» կուսակցության երրորդ համար Նինա Կարապետյանցի հետ։

– Հավանաբար Դուք ևս լսել եք, որ «Բոլորին դեմ եմ» կուսակցությանը երբեմն կապում են իշխանությունների հետ, ասում են, որ Փաշինյանի պրոյեկտն է, իսկ երեկվանից նաև կարծիքներ են հնչում, որ «Բոլորին դեմ եմ»-ը միտումնավոր անլրջացնում է պրոցեսը, որպեսզի ընտրություններին հնարավորինս քիչ թվով մարդիկ մասնակցեն։

– Ուղիղ հակառակը․ մենք՝ «Բոլորին դեմ եմ» թիմով փորձում ենք հրավիրել բոլոր նրանց ուշադրությունը, ովքեր կոստյումներով, փողկապներով և շատ լուրջ տեքստերով, Հայաստանը այս վիճակին հասցրեցին, խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր երկար տարիներ այս շոուները ներկայացրել են որպես ընտրություններ, նախընտրական պրոցես։ Մեր արածը կոչվում է՝ թրոլինգ։

Ի տարբերություն նրանց, ովքեր հինգ տարին մեկ մասնակցության հայտ են ունենում, տարիներով չենք տեսնում, սակայն մեկ էլ՝ հոպ, հայտնվում են պահեստայինի պես։ Այո, սա այդ ամենի թրոլինգն է։ Ի տարբերություն նմանների մենք ասում ենք, որ մենք թրոլինգ ենք անում։ Այս իբր ընտրությունները այն պրոցեսն է, որը մեզ հասցրել է այս տխուր վիճակին։ Մեր նպատակն է գրավել ուշադրություն, որովհետև մենք չունենք անսահմանափակ ֆինանսական միջոցներ, մենք չունենք ադմինիստրատիվ ռեսուրսներ և դեռ այլ բազմաթիվ գործիքակազմեր ենք կիրառելու՝ թրոլինգով ուշադրություն գրավելու համար։

Բոլոր նրանք, ովքեր չեն մասնակցել ընտրություններին, մենք նրանց հրավիրում ենք ընտրության։ Որքան շատ մարդ մասնակցի ընտրություններին, այնքան ավելի ցածր կլինի Նիկոլ Փաշինյանի հաղթելու հավանականությունը։ Մենք որևէ կերպ Փաշինյանի համար ձեռնտու պրոյեկտ չենք։ Ավելին՝ «Բոլորին դեմ եմ» կուսակցության վրա չեն կարողանում բազմաթիվ պիտակներ կպցնել։ Չեն կարող մեզ ասել թալանչի, չեն կարող մեզ ասել այլ պետության կողմից ֆինանսավորվող, հետևաբար մեզ ասում են՝ նիկոլականներ, որպեսզի վարկաբեկեն, որովհետև ուրիշ ձևով մեզ չեն կարող վարկաբեկել։

Անշուշտ կլինեն մարդիկ, ովքեր չեն ողջունի թրոլինգը, սակայն մենք որևէ մեկին վիրավորելու նպատակ չունենք, որևէ մեկի զգացմունքները չենք ծաղրում, սակայն նորից ենք անելու նման բաներ։ Մենք ունենք շատ լուրջ նպատակներ։ Քաղաքական թիմ ենք ձևավորելու և մնալու ենք քաղաքականության մեջ, վստահ եմ, որ մենք ինչ-որ մի պահի մեծ հաջողության ենք հասնելու։ Հույս ունենք, որ նաև այս ընտրություններում կկարողանանք հաջողության հասնել։ Բոլորը բերում են տնտեսական պրոյեկտներ, որևէ մեկը չի բերում քաղաքական պրոյեկտ։ Երկիրը այս վիճակից հանելու համար մեզ պետք է մեծ քաղաքական պրոյեկտ, իսկ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը մեծ պրոցեսի մի մասը՝ առաջին և կարևոր քայլը անում է։ Մեզ՝ «Բոլորին դեմ եմ»-ին մաղթում եմ հաջողություն։