05/05/2026

EU – Armenia

Հայաստանը կարող է ապավինել ԵՄ-ին, մենք հանձնառու ենք աջակցել ՀՀ դիմակայությանը և ազգային անվտանգությանը․ Կոշտա

Այսօրվա գագաթնաժողովը կարևոր ուղենիշ է Եվրամիության և Հայաստանի միջև գործընկերության խորացման մեջ։ Այն արտացոլում է վերջին տարիներին նշանակալի նվաճումները և՛ քաղաքացիների, և՛ ձեռնարկությունների, և՛ հասարակությունների համար շոշափելի օգուտներ բերելու մեր ընդհանուր հավակնությունը։։

Այս մասին ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովն ամփոփող հայտարարությունների ժամանակ իր խոսքում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

«Ճշմարիտ է, սիրելի Նիկոլ, Հայաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվել, բայց Դուք արմատապես փոխել եք ձեր երկրում տիրող պայմանները։ Ես ցանկանում եմ դրվատանքի խոսքեր ասել ժողովրդավարական, դիմակայուն և բարեկեցիկ Հայաստանի Ձեր տեսլականի կապակցությամբ։

Եվրամիությունն ուժգնորեն աջակցում է Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին, ներառյալ՝ մեր կողմից տեխնիկական և ֆինանսական օժանդակության միջոցով։ Դուք նաև խիզախություն և պետական մտածողություն եք դրսևորել՝ գերակայություն վերագրելով խաղաղության և երկրի համար ավելի լավ ապագային։

Երեկ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի նախագահ Ալիևի մասնակցությունը, ձեր երկու երկրների միջև նոր մթնոլորտի վկայությունն է։ Կայուն և բարեկեցիկ Հարավային Կովկասը Հայաստանի ապագայի գրավականն է, և Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել տարածաշրջանային խաղաղությանը և նորմալացման գործընթացին՝ ձեզ հետ զուգընթաց աշխատելով՝ հանուն այդ ապագան միասին կերտելու։ Հայաստանը դարձել է Եվրոպայի և Ասիայի միջև փոխկապակցվածության հանգույց։ Եվրոպական Միությունը Հայաստանի և ավելի ընդգրկուն տարածաշրջանի համար խոշոր և երկարաժամկետ գործընկեր է հանդիսանում։ Ավելի ուժեղ տրանսպորտային, էներգետիկ փոխկապակցվածության միջոցով մենք կարող ենք վստահություն խրախուսել, աշխատատեղեր ստեղծել և հարևաններին մերձեցնել համատեղ բարեկեցության միջոցով, որը տևական խաղաղության ամենից արդյունավետ հիմք ն է հանդիսանում։

Հայաստանը կարող է ապավինել Եվրոպական Միությանը՝ այս ուղին միասին անցնելու համար։ Մենք հավասարապես հանձնառու ենք աջակցել Հայաստանի դիմակայությանը և ազգային անվտանգությանը։ Հայաստանում Եվրամիության նոր գործընկերության առաքելությունը կօգնի ամրացնել ճգնաժամերին արձագանքելու կարողությունը և կնպաստի երկրի երկարաժամկետ կայունությանը։ Ավարտելով գագաթնաժողովը՝ կցանկանայի ընդգծել մեր համատեղ առաջընթացի նվաճումները, մեր հետապնդած ընդհանուր նպատակները՝ կայունություն, ժողովրդավարություն, խաղաղություն և Հայաստանի համար բարեկեցություն։ Մենք շարունակելու ենք ուղղորդել մեր ջանքերը հետայսու։

Վարչապետ Փաշինյան, կրկին շնորհակալություն եմ Ձեզ հայտնում մեզ հյուրընկալելու համար և մեր քննարկումների համագործակցային ոգու համար։ Մենք ակնկալում ենք շարունակել այս կեսական աշխատանքը միասին գալիք տարիների ընթացքում։

Շատ շնորհակալություն»,- ասել է նա։