06/05/2026

EU – Armenia

Հայաստանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային համագործակցության հնարավորություններ, թե՝ խաղ

Մտքերի արդյունավետ փոխանակում ունեցա Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ Եվրոպական համայնքի գագաթաժողովի շրջանակում։ Անդրադարձանք Հայաստանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին։

Ողջունեցինք Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրության ստորագրումը։ Սոցիալական X հարթակում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բաքվի իշխանական հaqqin.az-ը, առանց հղելու սկբնաղբյուրի, փոխանցել է Թուրքիայի փոխնախագահի այս գնահատականը․ «Նորմալացման գործընթացում ձեռնարկված փոխադարձ կառուցողական քայլերը կոնկրետ գործընթաց են ապահովում»։

Ըստ Յըլմազի, ինքը «պարոն Փաշինյանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տրանսպորտային, մաքսային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների և կապերի ամրապնդմանն ուղղված քայլեր»։

Եվրոպական համայնքի երևանյան գագաթաժողովի նշանակությունը քաղաքական առումով ակնհայտ է։ Գործնական արդյունքները գնահատելու համար հարկ կլինի սպասել, թե ձեռք բերված և հռչակագրված համաձայնությունները գետնի վրա իրավիճակում երբ և որ չափով կմարմնավորվեն։

Այդուհանդերձ, հայ-թուրքական կարգավորման առումով, կարծես, լավատեսության որոշակի հիմք կա։ Նախ, կարևոր է, որ Թուրքիայի փոխնախագահը ժամանել է Երևան այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահը գագաթաժողովին «մասնակցել» է տեսակապի միջոցով։

Երկրորդ, կայացել է Փաշինյան Յըլմազ հանդիպում, որի արդյունքում կողմերը Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրություն են ստորագրել։

Միջպետական հարաբերություններում դա խորհրդանշական է այն առումով, որ Անին Հայաստանի պատմական մայրաքաղաքն է, ներկայիս Թուրքիայի տարածքում հայ պատմա-մշակութային ամենաակնառու ներկայությունը։

Անիի պատմական, ավելի պարզ ասած՝ հայկական, կամրջի համատեղ վերականգնման մասին հայ-թուրքական արձանագրությունը ստորագրվել է մի փուլում, երբ Ադրբեջանը իր ներկայիս տարածքի քրիստոնեական հուշարձանները «աղվանական» է հռչակել, իսկ այն եկեղեցիները, որ կառուցվել են հետխորհրդային շրջանում՝ «ոչնչացման ենթակա»։

Ի տարբերություն Ադրբեջանի, Թուրքիան ընդունում է, որ «այդ հողերի վրա հաստատվել է հազար տարի առաջ»։ Թուրքիան կարող է օգնել, որպեսզի Ադրբեջանը վերադառնա նույն ինքնությանը։ Այդ դեպքում տարածաշրջանի կայունությունը քաղաքակրթական ամրություն կստանա։ Թուրքիան այդ խաղարար առաքելությունը կստանձնի՞։