«Ուղեղային մորմոք». ուրիշ կերպ չես անվանի նիկոլական գովազդային նոր պաստառը, որն աչքովս ընկավ օրերս` վրան գրված. «Առանց Փաշինյանի Հայաստան չկա», ՔՊ-ական ցինիզմն ու լկտիությունը սահմաններ չունեն:
Իրենց ծայրահեղ արարքներով հայոց լեզուն այնքան են «աղքատացրել», որ այլեւս հնարավոր չէ այս արարքը բնութագրող բառ գտնել։ Պաստառին գրվածը պարզապես կարգախոս չէ։ Եվ դա առաջին դեպքը չէ։ Ժամանակին հնչեցրել է․ «Եթե ինձ վարչապետ չընտրեք, Հայաստանը վարչապետ չի ունենա»։ Այն ժամանակ ոչ ոք չհարցրեց՝ ինչպե՞ս է հնարավոր դա, եւ ի՞նչ է բուն «ասելիքդ»։ Չէ՞ որ վարչապետին ընտրում է ժողովուրդը, ոչ թե ի վերուստ նշանակվում է որպես անփոխարինելի գոյանք։ Այսօր նույն միտքը ստացել է նոր, ավելի սենսացիոն, ավելի անամոթ ձեւակերպում։
Վարչապետ Նիկոլ, իհարկե, Դուք գիտեք այդ պաստառի մասին։ Առանց Ձեր գիտության «օձն իր պորտով, հավքն իր թեւով» Հայաստանի «տարածք» չէր մտնի, ուստի նման բան չէր հայտնվի։ Սա ի՞նչ է՝ քաղաքական խոսո՞ւյթ (Ձեր սիրելի բառով), թե՞ բացահայտ շանտաժ։ Մարդու իրավունքների սահմանափակո՞ւմ, ընտրողի վրա ճնշո՞ւմ։ Վախեցնո՞ւմ եք մարդկանց՝ ասելով, թե առանց Ձեզ պետություն չի լինելու։ Եթե այս հարցերին պատասխան չունեք, ապա հանձնարարեք Ձեր իրավապահներին՝ վերծանել այդ խոսքի բուն իմաստը։ Թող պարզեն՝ ինչ է իրականում թաքնված այդ ձեւակերպման տակ։ Գուցե պարզվի, որ Դուք Ձեզ պատկերացնում եք որպես անփոխարինելի, անմահ ու հավերժական միավոր։ Գուցե ավելի՞ն։ Իսկ մարդիկ կարծում են՝ Ալիեւ եղբոր հետ պայմանավորվածությունն է նման բարբաջանք թելադրել: Ամեն դեպքում, պետք է իմանայիք՝ պետությունը երբեք չի կարելի նույնացնել մեկ անձի հետ, եւ չի կարող նույնանալ։ Դուք նույնացնում եք, բայց չեք զբաղվում պետական ղեկավարին պատվիրակված հիմնական գործառույթներով: Մինչդեռ հարկավոր է գործ անել, ոչ թե «փուչիկներ» փչել:
Հուշենք` ինչ անել: Հիշում ենք՝ ամիսներ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ ընտրակաշառքի ոչ մի դրվագ չի հանդուրժելու: Դա ավելի շատ սպառնալիք էր հիշեցնում, քան վստահություն ներշնչում: Սպասեցինք, թե երբ է կոմիտեն զբաղվելու Փաշինյանով, որը պետական բյուջեն օգտագործելով ոչ միայն ժամանակից շուտ սկսեց նախընտրական պայքարը, այլեւ աջ ու ձախ խոստումներ է բաժանում, օրը ցերեկով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները խախտում։ Սպասումը զուր էր։ Հետո պարզ դարձավ այն, ինչը վաղուց էր հայտնի. այս երկրում որեւէ պետական կառույց, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, չի շարժվի, եթե հրահանգ չիջնի մեկ կենտրոնից, իսկ այդ «կենտրոնը» Դուք եք։ Ու քանի դեռ Դուք հրահանգ չեք իջեցնում, պետական կառույցները գործելու կամք չունեն։
Ուրեմն, պարոն վարչապետ, հիշեցրեք Ձեզ ենթակա մարմիններին, որ իրենք գոյություն ունեն ոչ թե հայտարարություններ անելու, այլ գործելու համար` առանց վերեւից իջեցված հրահանգների։ Թեկուզ ուշացած, բայց սկսեն իրենց գործը։ Եթե իրոք հանցագործներ են փնտրում, կարող ենք օգնել։ Կաշառքի աղբյուրները, օրենքը խախտողները հեռու չեն` կառավարությունում նստած են։ Նրանք ընտրություններից առաջ թոշակ են բարձրացնում, թոշակառուներին անվճար բժշկական ծառայություններ են մատուցում` քաղաքական դիվիդենտներ հավաքելով: Ձեզ եւ Ձեր թիմակիցներին բաժանում են միլիարդների հասնող պարգեւավճարներ ու հավելավճարներ, աշխատավարձեր են բարձրացնում՝ առանց հիմնավորման։ Սրանք ակնհայտ կաշառատվության դրսեւորումներ չե՞ն։ Ինչո՞ւ հրաման չեք արձակում, որ այս ամենը քննվի, մեղավորները պատժվեն։ Չեք անում։ Արդյունքում ստեղծվում է մի վտանգավոր վակուում, մի բաց տարածք, որտեղ Դուք ավելի խորն եք մխրճվում նորանոր հանցանքների մեջ։ Բայց փոխարենը այլ քաղաքական ուժերի բացած գրասենյակներն են ներխուժում, օրինական աշխատավարձն անվանում են ընտրակաշառք, 24 ժամ մարդկանց են ձայնագրում, մոնտաժում, կցմցում, գործեր հարուցում՝ սովորական կենցաղային խոսակցություններից կառչելով:
Օրերս Չինչին գնացիք։ Ցույց տվեցիք գյուղի ճանապարհը՝ ասֆալտապատված: Բայց ո՞վ է դրա հեղինակը։ Գուցե անձնական միջոցների՞ց եք այդ ասֆալտն արել: Անմեղ երեխաներին ստիպում են վանկարկել՝ «Նիկոլ, վարչապետ»։ Սա նոր տեխնոլոգիա՞ է, Դուք չգիտե՞ք, որ երեխաներին չի կարելի օգտագործել քարոզչական նպատակներով կամ ներգրավել գովազդի մեջ: Իսկ այդ նույն երեխաները հաջորդ տարի իրենց գյուղում դպրոց չեն ունենալու: Ստիպված են լինելու ավտոբուսով գնալ հարեւան Նավում գյուղի դպրոց կամ էլ արտագաղթելու են գյուղից, եւ մի օր Չինչինն այլեւ նախկին գյուղ է կոչվելու` Ձեր իսկ թեթեւ ձեռքով:
Պարզ է, որ այս բոլոր անօրինականությունները Ձեր մշակմամբ, մասնակցությամբ կամ հավանությամբ են արվում եւ անգամ այն, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն «պատահաբար» դիմել է իրավապահներին՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել «Իմ քայլը» հիմնադրամին` 15 կետով բարեգործություն իրականացնելու արգելքը խախտելու համար։ Աննա Հակոբյանը 2 ամիս հազիվ դիմացավ կառավարական ամառանոցից դուրս, հիմա վերադարձել է եւ մասնակցում է Ձեր քարոզարշավին` հույս ունենալով, որ իր հայտարարությունը՝ ես ինձ ՔՊ-ի հետ չեմ ասոցացնում, բավարար է, որ իրավապահներն էլ չասոցացնեն, եւ ոչ մեկը չասոցացնի։ Հետաքրքիր է` Դո՞ւք էլ չեք ասոցացնում:
Իսկ ի՞նչ են մտածում մեր ընդդիմադիրները «Առանց Փաշինյանի Հայաստան չկա» կարգախոսի մասին: Չէ՞ որ դա լավագույն հնարավորությունն ու «նվերն» է ընդդիմադիր գործիչներին՝ իրավական, քաղաքական, հանրային դաշտում հանդես գալու, մատնացույց անելու այս խայտառակությունը, հակապետականությունը, որը որդեգրել է ՔՊ-ն։ Այժմ պարտադիր է ձեւավորել միասնական ճակատ ու միասնական ճնշում, ներգրավել իրավաբանների, օգտագործել հանրային բոլոր լծակները եւ հասնել կոնկրետ արդյունքի՝ մինչեւ ընտրությունները։ Դամոկլյան սուրը կախված է բոլորիս գլխին։

Բաց մի թողեք
Բլոգեր 222lava-ն հայտնվել է բունկերում, նկարահանումներ արել․ Լիլիթ Գալստյան
Պատվո Լեգեոնի շքանշանը Մակրոնը նետեց դատարկության մեջ
«Նախկին» Հայաստանը Եվրոպայում դաշնակից չուներ, ութ տարի առաջ «ոչ ոք այստեղ չէր գա