Այս օրերին ականատես եղանք Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների հերթական լարմանը։ Առհասարակ, այս առումով, եվրոպացի պաշտոնյաներից հաճախ կարելի էր լսել, որ Ադրբեջանն օգնում է Եվրամիության էներգետիկ դիվերսիֆիկացիային եւ ռուսական էներգակիրներից կախվածությունից ազատագրվելուն։
Բաքուն էլ դրանից լավ առիթավորվում էր։ Սակայն պարզվում է, որ այդ հարաբերություններն այնքան անամպ չեն, որքան թվում է, եւ որքան կարող էին լինել, ասենք, եթե Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանի նման նախագահ ունենային, եւ մենք ականատեսն ենք լարվածության հերթական փուլին։
Ընդ որում, խոսքը ոչ թե ԵՄ գործադիր իշխանության՝ Եվրահանձնաժողովի եւ դրան ենթակա կառույցների հետ է կապված, այլ՝ Եվրախորհրդարանի։ Ադրբեջանի եւ ԵՄ խորհրդարանի հարաբերությունները միշտ են բարդ եղել, ու հաճախակի նաեւ ճգնաժամային իրավիճակներ են ծագել, ի տարբերություն, օրինակ, Ադրբեջանի եւ Եվրահանձնաժողովի հարաբերությունների, որոնք կարծես բավական լավ վիճակում են։
Այս անգամ լարվածությունն անհամեմատ մեծ է՝ այնքան, որ մայիսի 1-ից Ադրբեջանի խորհրդարանի եւ Եվրախորհրդարանի միջեւ հարաբերությունները Բաքվի նախաձեռնությամբ սառեցվել են։
Առհասարակ, եթե նայենք ոչ հեռու անցյալի պատմությանը, ապա, 1990-ականներից սկսած, Ադրբեջանի թեման՝ մարդու իրավունքների, քաղաքական ազատությունների, ընտրությունների որակի եւ այլ համատեքստերի հետ կապված, հաճախ է քննարկվել Եվրախորհրդարանի պատերի ներսում, ինչպես նշում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Այս տարիներին ընդունվել են բանաձեւեր, որոնք բոլորովին Բաքվի սրտով չեն եղել։ Եվրախորհրդարանականներն անընդհատ բարձրաձայնել են քաղբանտարկյալների եւ ադմինիստրատիվ ռեսուրսն ընտրարշավներում օգտագործելու թեմաները։ Զուգահեռաբար, նոր խնդիրների ի հայտ գալով, դրանք էլ են ներառվել քննարկումների օրակարգում, ինչպես նաեւ՝ Ղարաբաղի թեման։
Ցանկացած նման քննարկում՝ կապված հայ ռազմագերիների հետ կամ այլ, Բաքուն ընկալում է որպես իր ներքին գործերին միջամտության փորձ։ Ու հատկապես Ադրբեջանի համար ցավոտ է Ղարաբաղի թեման։ Պաշտոնական Բաքուն կարծում է, որ այս հակամարտությունն ավարտվել է՝ ինքը լուծել է Ղարաբաղի եւ ղարաբաղցիների հարցը։ Չկա Արցախ՝ չկա Արցախի հարց։ Սակայն եվրախորհրդարանականները կարծես այլ կարծիքի են։
Ապրիլի 30-ին «Հայաստանի դեմոկրատական կայունության աջակցման մասին» բանաձեւում Եվրախորհրդարանն արտահայտեց իր աջակցությունը ԼՂ հայերի իրավունքներին՝ ներառյալ նաեւ նրանց ինքնության, սեփականության եւ մշակութային ժառանգության պահպանման թեման, ինչպես նաեւ՝ անվտանգ ու արժանապատվորեն՝ միջազգային երաշխիքների առկայությամբ վերադարձի իրավունքին։
«Միասնական Եվրոպայի» պատգամավորները դատապարտեցին Ադրբեջանում հայ ռազմագերիներ եւ պատանդներ պահելը եւ կոչ արեցին անհապաղ նրանց ազատ արձակել։
Այստեղ Բաքուն որոշեց մի կողմ դնել քաղաքական կոռեկտությունը եւ նախ բողոքի նոտա հանձնեց Բաքվում ԵՄ ներկայացուցչին, ապա որոշվեց դադարեցնել Ադրբեջանի պառլամենտի եւ Եվրապառլամենտի համագործակցությունը։
Սակայն դա, իհարկե, չի նշանակում, թե, ահա, Բաքուն փոխում է իր արտաքին քաղաքական կուրսը։ Կարծում ենք, սա լարվածության հերթական փուլն է։ Հատկապես որ նման վայրիվերումների փորձ Բաքու-ԵՄ հարաբերություններում՝ նկատի ունենալով համաեվրոպական խորհրդարանը, առկա է։

Բաց մի թողեք
Ռուսաստանը խախտել է միակողմանի հրադադարը՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումների միջոցով, ասում է Ուկրաինայի արտգործնախարարը
Ռուսաստանը միակողմանիորեն հայտարարեց Հաղթանակի օրվա հրադադարի մասին, մինչդեռ Զելենսկին առաջարկում է սեփական հրադադարը
«Ազատություն» նախագիծը «Փակուղի» նախագիծ է»․ Իրանի ԱԳ նախարարը՝ Թրամփի ծրագրի մասին