Բալահովիտի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի պետ Գևորգ Սարգսյանի նկատմամբ սպանության փորձ կատարած անձինք Հայաստան են ժամանել Բելառուսի Հանրապետությունից:
Մեզ նաև հայտնի են դարձել նրանց անունները. գործողություն կատարողը Տիգրան Մնացականյանն է, նրան օժանդակել են Վլադիմիր Խուդիյանը և Գոռ Սահակյանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ այս պահի դրութամբ նրանցից միայն մեկն է հայտնաբերվել, կատարողը և մյուս օժանդակողը դեռ չեն հայտնաբերվել:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու հատկանիշներով։ 3 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, ձերբակալված է մեկ հոգի:
Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ մայիսի 1-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում զենքի գործադրմամբ միջադեպ է եղել։ Ձեռնարկված միջոցառումներով ստացվել է տեղեկություն, որ Արարատի մարզի բնակիչներ դեռևս չպարզված շարժառիթով ծրագրել են սպանել Բալահովիտ գյուղի մի բնակչի։
«Պարզվել է նաև, որ նշված անձինք հյուրանոցում վարձակալել են սենյակ և երկու ավտոմեքենա, կատարել դերաբաշխում և ապրիլի 26-ից պարբերաբար եկել են Բալահովիտ, հսկել թիրախի տեղաշարժը։ Մայիսի 1-ին նրան տեսնելով Բալահովիտում գտնվող ավտոլվացման կետում՝ տեղյակ են պահել հյուրանոցում սպասող ընկերներին, որոնք նույնպես մեկնել են նշված վայր։ Այստեղ էլ փորձել են իրականացնել իրենց մտադրությունը։ Չհասնելով նպատակին՝ նշված անձինք վարձակալած «Նիսսան» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներով դիմել են փախուստի»,- մանրամասնել էին ՆԳՆ-ից:
Տվյալ միջադեպի թիրախում եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Բալահովիտի շտաբի պետ Գևորգ Սարգսյանը։
«Մեզ հայտնի չէ՝ արդյոք միջադեպն անձնական հարցի է առնչվում, թե կապված է Գևորգ Սարգսյանի քաղաքական գործունեության հետ»,- ասվում էր լրատվամիջոցի հրապարակման մեջ:

Բաց մի թողեք
Վեդիում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ 20-ամյա երիտասարդը վնասվածքներ է ստացել
20 և 21 տարեկան տղաները Աջափնյակում ավտոմեքենաներից մասեր են գողացել ու թողել տելեգրամյան հասցե՝ պահանջելով գումար
Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվել է. Լուսանկար