07/05/2026

EU – Armenia

Նոր մանրամասներ` Վեդիի սահմռկեցուցիչ դեպքի գործից

Վերջին օրերին լրագրող Սյուզի Բադոյանը գրառումներ է կատարում ֆեյսբուքյան էջում պնդելով, որ Վեդի համայնքում սեռական բռնության են ենթարկվել անչափահաս քույրեր։

«Քույրերը Վեդու երկու տարբեր դպրոցներում սովորող աշակերտներ են, որոնցից մեկը` ավագ դպրոցում սովորողը, ունի առողջական խնդիրներ, ինչի պատճառով նաև հոգեբանական խոշտանգումների է ենթարկվել` սեռական ոտնձգությունից հետո։ Իսկ երկրորդին, երբ բռնությամբ այլասերված գործողություններ անելուց հետո երեխան ասել էր՝ բոլորին կասեմ, 65-ամյա տղամարդը ձեռքերը կոկորդին սեղմելով երեխային սպառնացել էր, թե կխեղդի. պայման է դրել սպառնալիքներով, որ ընտանիքից ոչ ոք չպիտի իմանա»,- գրում է լրագրողը և հավելում, որ տղամարդը երեխաներից մեկին մեկ այլ տղամարդու է «տվել», որը ևս սեռական բռնության է ենթարկել աղջկան։

Դեպքը, որը տեղի է ունեցել ձմռան վերջին ամսին, միայն լրագրողի ահազանգից եւ աղմուկից հետո, իրավապահների ուշադրությունը գրավեց, մինչ այդ իրավապահների դարակներում սառեցված էր։

Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցում են քրեական հետապնդումների մասին. «Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)»։