12/05/2026

EU – Armenia

Պարելու ենք բոլորս իրար հետ քոչարի՝ Հանրապետության հրապարակում

«Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցությունը, որը ստեղծել են Աֆրիկայում տեւական ժամանակ ապրած Արթուր Բրադերզը` Արթուր եւ Արտակ Սարգսյան եղբայրները, քարոզարշավը դեռ չի սկսել։

Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Արման Սարգսյանը, որը կուսակցության ցուցակում 5-րդ համարն է եւ մամուլի հետ շփումների պատասխանատուն։

«Մեր կուսակցության համար հիմնադրամ թույլ չէին տալիս բացել, մենք պատրաստվում էինք նույնիսկ դատարան դիմել, որ հետաձգեն քարոզարշավը, բայց վերջին պահին ասացին, որ բացվել են մեր հաշիվները, այդ պատճառով մի քանի օր հետ ընկանք։ Մոտակա 2 օրվա ընթացքում մենք սկսելու ենք քարոզարշավը»,- ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ ոչ ստանդարտ քարոզարշավ են իրականացնելու․ «Քարոզարշավ իրականացնելու ենք ե՛ւ բակային, ե՛ւ մարզեր ենք այցեր իրականացնելու, եւ՛ համացանցն ու նորագույն տեխնոլոգիաներն ենք օգտագործելու։ Բայց թե ինչպիսին է լինելու քարոզարշավը, կանենք՝ կտեսնեք»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք բավարար ֆինանսական միջոցներ կա՞ն քարոզարշավի համար, չե՞ն պատրաստվում դրամահավաք իրականացնել, ինչպես մի շարք ուժեր, պատգամավորի թեկնածուն նշեց․ «Այս պահին մեր հիմնադրամի հաշիվները զրո են, քանի որ դա կապված է իմ նշած խնդրի հետ։ Հայտարարվող դրամահավաքները կոռուպցիայի սխեմաներ են, փող են լվանում։ Մեր գումարը պակասություն չի անի, բայց եկեք չասեմ թվերով։

Փողեր չենք լվանալու, որ էդպես լիներ, հիմա մեզ վաղուց փակել էին»։ Ա. Սարգսյանը մտավախություն չունի, որ իրենց ուժը կարող է ձայներ փոշիացնել․ «Էդ որ ասում են՝ ձայներ ենք փոշիացնելու, էդ ո՞ր հարցումների արդյունքներով են նման եզրակացություն արել, ամեն մեկն իրենց կայքում կարող են քցել, ասել` մեզ քվեարկեք, բայց «Քոչարիին» մի քվեարկեք, էդպես մենք էլ կարող ենք անել։

Հունիսի 7-ին մենք՝ բոլորս, կտեսնենք, որ «Քոչարի» կուսակցությունը սյուրպրիզով հանդես կգա։ Պարելու ենք բոլորս իրար հետ քոչարի՝ Հանրապետության հրապարակում»։

«Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 համարի ներքո։ Նրանց կարգախոսն է՝ «Ազգային այլընտրանք կա՛»։ Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 88 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Թեկնածուներից 4-ի գրանցումը մերժվել է։