Ռուս-ադրբեջանական մշակութային կապերը, որ վերջին մեկ տարում «նստած» էին, աշխուժացման կարիք ունեն։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների Չորորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Ռուսաստանցի դիվանագետը հանրայնացրել է, որ «կողմերն արդեն մի քանի հեռանկարային ծրագրեր են քննարկում»։
Խոսքը, մասնավորապես, դեսպանատներին առընթեր դպրոցների բացման մասին է։ Այսինքն, նախատեսվում է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը կից բացել ադրբեջանական, Բաքվում Ռուսաստանի դեսպանատանը կից՝ ռուսական դպրոց։
Բացի այդ քննարկվում է Բաքվում Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հիման վրա համատեղ համալսարան հիմնադրելու, ինչպես նաև Ռուսաստանի տեղեկատվա – մշակութային կենտրոնի վերականգնման հեռանկարը։ Ռուսաստանը և Ադրբեջանը մտադիր են նաև փոխադարձաբար իրենց տարածքում «պետական ակնառու գործիչների հուշարձաններ կանգնեցնել»։
Բաքվում ավելի քան տասը տարի է, գործում են Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի և Առաջին բժշկական համալսարանի մասնաճյուղերը։ Առաջինը գլխավորում է Մեհրիբան Ալիևայի քույրը՝ Նարգիզ Փաշաևան, երկրորդը հիմնադրվել է ի պատիվ Ադրբեջանի առաջին տիկնոջ․ նա ավարտել է Մոսկվայի Առաջին բժշկական ինստիտուտը։
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հիման վրա համատեղ բուհի հիմնադրման ծրագիրը, անկասկած, տուրք է ՌԴ նախագահին, որ այդ համալսարանի շրջանավարտ է։
Ինչ վերաբերում է պետական ակնառու գործիչների հուշարձաններին, ապա ակնհայտ է, որ խոսքը Մոսկվայում Հեյդար Ալիևի հուշարձանը կամ կիսանդրին կանգնեցնելու մասին է։ Հեյդար Ալիևը խորհրդային ՊԱԿ-ի գեներալ-լեյտենանտ էր, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, շուրջ հինգ տարի զբաղեցրել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, եղել ԽՄԿԿ Քաղբյուրոյի անդամ։
Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ վերջերս Լուբյանկայի հրապարակը կրկին ստացել է Ձերժինսկու անունը, կանգնեցվել է «երկաթե Ֆելիքսի» արձանը և ոչինչ չի խանգարի, ավելին՝ Ռուսաստանի իշխանությունների դավանած արժեհամակարգին միանգամայն հարիր կլինի, եթե Մոսկվայի փողոցներից մեկին տրվի Հեյդար Ալիևի անունը և կանգնեցվի նրա կիսանդրին։
Իսկ ահա Բաքվում «Ռուսական տան» վերաբացումը խնդրահարույց է, քանի որ այն անցյալ տարի փակվել է այն հիմնավորմամբ, որ «աշխատակիցները ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության լրտեսներ» են։ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը նախագահի աշխատակազմի նախկին երկարամյա ղեկավար Մեհթիևի դեմ քրեական գործ է հարուցել։
Նրան առաջադրված է Կրեմլի օգնությամբ «սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը յուրացնելու» մեղադրանք։ Եթե «Ռուսական տունը» վերադառնում է Բաքու, պետք է ենթադրել, որ այդ գործը պիտի փակվի։ Այդ դեպքում կալանքից պետք է ազատվի նաև ընդդիմադիր Ժողճակատի առաջնորդ Քերիմլին։
Ռուս-ադրբեջանական քննարկումներից, իհարկե, ուղղակիորեն չի հետևում, թե Կալուգինի նշած ծրագրերը վաղը իրականություն են դառնալու։ Բայց Մոսկվա- Բաքու արժեհամակարգային ընդհանրության անոնսը զգաստացնող է։

Բաց մի թողեք
Ալիևը Պուտինի «գործի՞քն»՝ ընդդեմ Հայաստանի
Ալիևն ասել է, թե իբր մենք «հոգեբույժների, հոգեբանների և բժիշկների կողմից» պետք է ուսումնասիրվենք
Պուտինը կանգեցրեց հայ-ադրբեջանական պատերազմը․ Մոսկվան հիշեցնում է, թե՝ սպառնում