Այսպիսի անհավասար ու անարդար ընտրապայքար, գոնե նախընտրական քարոզչության փուլում, Հայաստանում թերեւս երբեք չի եղել: Ես չեմ հիշում, որ երկրի համար կարեւոր ընտրությունների ժամանակ ընդդիմության լիդերներից որեւէ մեկը կալանավորված լիներ, քարոզարշավ անելու հնարավորություն չունենար, ինչպես չունի Սամվել Կարապետյանը:
Հրապարակ թերթը գրել է․ Ես նաեւ չեմ հիշում, որ երբեւէ իշխանությունն այսպիսի սեւ քարոզարշավ իրականացներ իր մրցակիցների նկատմամբ` կեղծիքներ ու զրպարտություններ, հայհոյանք ու լուտանքներ տեղալով ընդդիմադիր թեկնածուների հասցեին:
Չեմ հիշում նաեւ, որ իշխանությունը երբեւէ նման շանտաժի մեթոդներ կիրառեր` սպառնալով հանրությանը, որ եթե ես երրորդ անգամ չընտրվեմ, աշխարհի պտույտը կանգ կառնի, հրաբուխ ու երկրաշարժ կլինեն, պետություն գոյություն չի ունենա:
Չեմ հիշում նաեւ, որ քաղաքական ասպարեզում ակտիվ դերակատարում ունեցող, նախընտրական շտաբներում աշխատող, իրենց քննադատող մարդկանց նկատմամբ այսպես դաժանաբար կիրառեին Քրեական օրենսգիրքը` կալանքներ, ձերբակալություններ, գաղտնալսումներ:
Երեկ էլ մի քաղաքացու, որը լայվ էր մտել ու Փաշինյանին հրավիրել Շենգավիթ, իշխանական «ենիչերիները», ձեռքերը ոլորելով, բերման ենթարկեցին, իբրեւ թե թշնամանքի ու ատելության խոսք տարածելու համար:
Թեեւ մենք՝ բոլորս, շատ լավ գիտենք, թե ով է մեր երկրում թշնամանք ու ատելություն տարածում, խտրականություն ու անհանդուրժողականություն կիրառում, բայց նրա նկատմամբ Քրեական օրենսգիրքը չի գործում, ոստիկանությունն ու դատախազությունը հենց նրա հրահանգով են իր մրցակիցներին ու իրեն քննադատողներին մեկուսացնում, չեզոքացնում:
Չեմ հիշում նաեւ, որ պետության ղեկավարը, բանուգործը թողած, 24 ժամ քարոզչություն աներ՝ պետական ռեսուրսներն օգտագործելով:

Բաց մի թողեք
Թուրք բիզնեսմենները ռիսկերն են գնահատում
Նիկոլ Փաշինյանը կատարելագործում է ՀՀԿ-ի արատավոր բարքերը
«Սիկտիր» բառը խտրականությո՞ւն է, ատելության խոսք, թե՞ թշնամանքի հրահրում