Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի բնակիչները 2021թ․ փետրվարին ինձ բողոքել էին, որ Հաղարծինի բնակիչ, Դիլիջան համայնքի ավագանու անդամ Դավիթ Սարգսյանը գյուղի հարավային ծայրին, գյուղը շրջանցող, սողանքի պատճառով չգործող միջպետական ավտոճանապարհին, ապօրինի կերպով, առանց շինթույլտվության ավտոլվացման կետ է կառուցել եւ աշխատեցնում է։
Հրապարակ թերթը գրել է․ Բողոքողները տարակուսած էին, որ ապօրինի կառույցի տերը Դիլիջան համայնքի ավագանու անդամ է, որն ինքը պետք է պայքարեր համայնքում ապօրինությունների դեմ։ Բնակիչներն ասում էին, որ Դավիթ Սարգսյանը 2020 թ. սահմանադրության հանրաքվեի (որը չկայացավ) ժամանակ գյուղում «Այո»-ի տեղի շտաբի ղեկավարն է։ 2021թ․ փետրվարի 19-ին Հաղարծինում հանդիպեցի Դավիթ Սարգսյանի եւ նրա եղբոր հետ։
Նրանք գյուղում ավտոպահեստամասերի, շինանյութերի խանութներ ունեն եւ քարե բլոկների արտադրություն։ Իսկ ավտոլվացման կետը կառուցված է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհից վտանգավոր` 3-4 մետր հեռավորությամբ։ Դավիթ Սարգսյանն այն ժամանակ ասաց, որ ավտոլվացման կետը գրանցված է եղբոր` անհատ ձեռներեց Սասուն Սարգսյանի անվամբ, ինքը բաժնետեր է։
Կետը, իր ասելով, գործում է մեկուկես կամ երկու տարի, թեեւ գյուղացիներն ասում են, որ այն սարքվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Ապա Դավիթ Սարգսյանն ինձ ցույց տվեց Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի` 2019թ․ օգոստոսի գրությունը, որով համայնքի ղեկավարը տեղեկացնում էր, որ իր առաջին իսկ պահանջի դեպքում ապօրինի կառուցված ավտոլվացման կետը պետք է քանդվի, քանի որ կառույցը Դիլիջանի համայնքապետի համապատասխան ակտի հիման վրա տեղադրվել է որպես ժամանակավոր ծածկ` առաջին իսկ անհրաժեշտության դեպքում ապամոնտաժելու պայմանով՝ ելնելով համայնքի գերակա շահերից։ Համայնքի ղեկավարը նաեւ որոշում էր կայացրել ինքնակամ կառույց շահագործող անձին վարչական պատասխանատվության ենթարկել` տուգանելով 400 հազար դրամ։
Սակայն ապօրինի կառուցված ավտոլվացման կետն անցած 7 տարում անխափան գործել է` հարստացնելով Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանի ընտանիքին։ 2024 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը պատմում էր, որ համայնքներից մեկում, երբ ինքը քայլել է, ավտոլվացման կետից քիչ է մնացել ջուր պզզացնեն իր վրա: Թեեւ նա բնակավայրը չնշեց, սակայն խոսքը հայրենի Իջեւան քաղաքի մասին էր։ Երեւանից հեծանիվով Իջեւան գնացած Նիկոլ Փաշինյանը միջպետական ավտոճանապարհի եզրին, իր մոր կողմից պապի գյուղի՝ Հաղարծինի հարավային ծայրին չի՞ տեսել անօրինական կառուցված ավտոլվացման այս կետը, որը պատկանում է իր համայնքապետին` Դավիթ Սարգսյանին։ Եթե որեւէ մեկը հողի սողանքի պատճառով չգործող միջպետական ճանապարհին, գործող ճանապարհից 3-4 մետր հեռավորությամբ նման ապօրինի կետ սարքեր, այն վաղուց փակած կլինեին։ Սակայն Դիլիջան համայնքի ղեկավար, ՔՊ կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանի ապօրինությունը չեն նկատում, եւ ավտոլվացման կետը շարունակում է շահույթ ապահովել բազում բիզնեսներ ունեցող այդ ընտանիքին։

Բաց մի թողեք
Ի՞նչ իրավունքով է Փաշինյանը ոչ աշխատանքային ժամին զինվորականին ստիպում զգաստ կանգնել
ԴՕԿ-ը որոշել է տարբերվել բոլորից՝ քարոզարշավ չանելով
Տասնյակ դպրոցներում այս տարի վերջին զանգ չի հնչի