13/05/2026

EU – Armenia

Նիկոլ Փաշինյանը կատարելագործում է ՀՀԿ-ի արատավոր բարքերը

Ցավոք, նորանկախ Հայաստանի պատմության հենց սկզբից` 1995-ից, մեր իրականության մեջ ներդրվեցին ընտրակեղծարարության հիմքերը` տարբեր գործիքներով ու տեխնոլոգիաներով հանդերձ:

Հրապարակ թերթը գրել է․ Մի ժամանակ արկղերն էին լցոնում, մեկ ձայնը 5-10 հազար դրամով առնում, հիմա հոգեբանական տեռոր, շանտաժ են կիրառում, ադմինիստրատիվ լծակներ, աշխատանքից են ազատում, ստիպում իշխանությունների վերարտադրությանը մասնակցել: Որպես կանոն, ընտրակեղծարարությունն իրականացնում է օրվա իշխանությունը:

Փոխվում են ժամանակները, տարիներն անցնում են, ընտրություններ կեղծելու ձեւերն ու մեթոդներն են փոխվում, սակայն նպատակն ու էությունը չի փոխվում` ամեն գնով, օրենքը տրորելով, Սահմանադրությունն ու բարոյականության նորմերը խախտելով՝ վերարտադրվել։ Ահա՝ իշխանությունների ծրագիրը:

Ընդ որում, այն նույն ուժերը, որոնք, ընդդիմադիր լինելով, խոսում են բարձր արժեքներից, ժողովրդավարությունից, արդար ու թափանցիկ ընտրություններից, երբ գալիս են իշխանության, կիրառում են այն բոլոր հոռի գործիքները, որոնք կիրառում էին իրենց նախորդները, դեռ մի բան էլ ավելի: Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները երբ ընդդիմադիր էին, շատ էին քննադատում Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ականների գործելաոճը: Դա Փաշինյանի ամենասիրելի թեմաներից էր` Հայաստանում երբեք լեգիտիմ իշխանություն չի եղել, միշտ կեղծել են ընտրությունները, եւ հպարտանում էր, թե ինքը փակել է ընտրազեղծարարության էջը: Բայց այս 8 տարիներին մենք տեսանք, թե ինչ խայտառակ մեթոդներով է նա փորձում իշխանություն պահել:

Այն, որ դպրոցներն ու կրթական հաստատությունները նախկին իշխանությունները կուսակցականացրել էին, ամենուր տնօրեն էին նշանակվում ՀՀԿ-ականները, կամ` զինվորներին ստիպում էին շարքով-կարգով մտնել ընտրատեղամաս եւ ՀՀԿ ընտրել, մարդկանց ստիպում էին նկարել իրենց քվեարկությունը` որպես ապացույց, եւ ներկայացնել փող տվողին կամ վերադասին, կարուսելներ էին կազմակերպում, կեղծ անձնագրեր տպում, քվեարկողների շրջիկ խմբեր ձեւավորում: Մեզ պատմեցին, որ միամիտ մարդկանց անգամ խաբել են, թե` տեսագրող սարք ենք տեղադրում ձեր հագուստի վրա` հետեւելու ենք, թե ինչպես եք քվեարկում, ապա մի սովորական հագուստի կոճակ են կարել ընտրողների շապիկներին, եւ մարդիկ վախեցած ընտրել են իշխանության ներկայացուցչին: Հիմա գործի են դրվել բոլոր` ե՛ւ քրեական, ե՛ւ մանիպուլյատիվ, ե՛ւ ադմինիստրատիվ ու հոգեբանական լծակները:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը, որը նախորդ իշխանությունների ժամանակ դիտորդական առաքելությամբ էր զբաղվում, «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ լավ է հիշում, թե նախկիններն ինչ քայլերի էին դիմում. «Այն ժամանակ մենք ականատես էինք լինում տարբեր ընտրակեղծիքների: Ընտրակաշառքներ, լցոնումներ էին լինում հաստատապես, մարդկանց դրդում էին ընտրել իրենց:

Վարչական ռեսուրսները չարաշահում էին, դպրոցների տնօրեններին սպառնում էին, որ եթե այսքան ձայն չապահովեք, աշխատանքից կհեռացվեք, եւ այլն։ Ի դեպ, լինում էին դեպքեր, որ սպառնալիքը դառնում էր իրականություն, ազատում էին դպրոցի տնօրենների, սակայն նման դեպքեր քիչ էին լինում, որովհետեւ հիմնականում տնօրեններն ապահովում էին պահանջված ձայները: Եթե իքս ընտրատեղամասից իրենց հաշվարկով քիչ ձայներ էին ստանում, հաշվարկ էին անում ու տեսնում, որ իրենց քիչ են ընտրել: Ինչ վերաբերում է օրվա իշխանություններին, ես չեմ կարող որպես դիտորդ հստակ գնահատականներ տալ, քանի որ այլեւս վաղուց չեմ զբաղվում դիտորդական առաքելությամբ»:

Մենք վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր ենք ստացել այն մասին, որ ՔՊ-ն ստիպում է տարբեր կառույցների ղեկավարներին՝ ցուցակներ կազմել եւ ներկայացնել իրենց, ցուցակագրված մարդկանց էլ ասել, որ անպայման պետք է ՔՊ-ին ընտրեն, հակառակ դեպքում կազատվեն աշխատանքից: Մարդիկ մի կողմից վախեցած են, կարծում են, թե կպարզվի, եթե ուրիշ ուժի ձայն տան, մյուս կողմից` չեն ուզում բացահայտ խոսել, որ աշխատատեղից չզրկվեն:

Մեր տեղեկություններով, օրինակ, Արթիկ խոշորացված համայնքում են ինտենսիվորեն ցուցակներ կազմում` դպրոցների, մանկապարտեզների, մարզադպրոցների, պետական այլ հաստատությունների ղեկավարներին համայնքապետարանը նման հրահանգ է իջեցրել։ Յուրաքանչյուրը պետք է 6-10 հոգանոց ցուցակ ներկայացնի համայնքապետարան, որում նշված անձինք պարտադիր մասնակցելու են ընտրությանը եւ քվեարկելու են ՔՊ-ի օգտին։ Համայնքապետարանից զգուշացրել են, որ եթե չքվեարկեն, ընտրությունների հետ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին, կարող է անգամ քրեական հետապնդում սկսեն նրանց նկատմամբ:

Փորձեցինք կապ հաստատել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանի հետ, սակայն նրա հեռախոսին պատասխանած անձն ասաց, որ համայնքապետի օգնականն է, իսկ համայնքապետն Արթիկի Լեռնակերտ բնակավայրում ակտիվ քարոզարշավ է անում։