Գյումրու Վարդանանց հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը փորձեց գյումրեցիներին համոզել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո քաղաքի տեղական իշխանությունների հիմնական նպատակը եղել է բնակիչներին կառավարության դեմ տրամադրելը։
Վարչապետի ելույթում զգալի տեղ էին զբաղեցնում ոչ թե ապագայի ծրագրերը, այլ քաղաքական գնահատականներն ու ընդդիմախոսների հասցեին հնչող քննադատությունները։ Փաշինյանը հերթական անգամ անդրադարձավ ինչպես ներկայումս կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ նրանց մեղադրելով Գյումրիի խնդիրների խորացման և կենտրոնական իշխանությունների դեմ տրամադրություններ ձևավորելու մեջ։
Միևնույն ժամանակ, Փաշինյանը հայտարարեց, որ այսուհետ Գյումրին իր համար անձնական պատասխանատվության հարց է և ինքը պատրաստվում է շտկել նախկինում թույլ տրված սխալները։
Ելույթի ընթացքում նա կրկին անդրադարձավ Անի թաղամասի ճանապարհներին՝ պատմելով, թե այնքան է հուզվել ճանապարհների վիճակից, որ նույնիսկ ցանկացել է դադարեցնել քարոզարշավը։ Հատկանշական է, որ Փաշինյանը վերջին շրջանում մի քանի անգամ է հիշատակում նույն պատմությունը՝ այն դարձնելով իր ելույթների մշտական թեմաներից մեկը։
Հարկ է նշել, որ քաղաքի ճանապարհաշինական ծրագրերի մի մասը իրականացվում է պետական և միջազգային ֆինանսավորմամբ ընթացող ծրագրերի շրջանակում։
Փաշինյանը նաև հիշեցրեց 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ շնորհակալություն հայտնելով գյումրեցիներին այն աջակցության համար, որը, իր խոսքով, ստացել էր երկրի համար բարդ ժամանակահատվածում։
«Ես մինչև կյանքի վերջ չեմ մոռանա, որ այդ ծանր շրջանում Գյումրիում հազարավոր մարդիկ մեզ վստահեցին իրենց ձայնը»,– նշեց նա՝ ընդգծելով, որ այդ ժամանակ Գյումրիից 60 տոկոս ձայն տարավ։
Ելույթի ողջ տրամաբանությունից, սակայն, ակնհայտ էր, որ նա հատուկ ուշադրություն է դարձնում Գյումրիում քաղաքական պայքարին՝ փորձելով համոզել քաղաքացիներին առաջիկա ընտրություններում կրկին վստահել իշխանությանը։ Մինչ այդ, նրա խոսքի զգալի մասը շարունակում էր կենտրոնացած մնալ ոչ թե ծրագրերի ներկայացման, այլ ընդդիմադիր դաշտի քննադատության վրա։
Ուշագրավ հայտարարություններից մեկը վերաբերում էր նաև Գյումրու ապագա կառավարմանը։ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքում ապագայում անցկացվելու են արտահերթ ՏԻՄ ընտրություններ՝ պատճառաբանելով, որ գյումրեցիները պետք է հնարավորություն ունենան վերջնական քաղաքական գնահատական տալու տեղի իշխանություններին և ձևավորելու այնպիսի կառավարում, որը, իր համոզմամբ, կհամագործակցի կենտրոնական իշխանությունների հետ։

Բաց մի թողեք
Նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
Երբ խորհրդարանն ինքն իրեն է անարժեք դարձնում․ ԱԺ նիստին ընդամենը 5 պատգամավոր է ներկայացել
Ռուբիոն Երևանում փոխըմբռնման հուշագիր կստորագրի. ԱՄՆ պետքարտուղարություն