Որպես սփյուռքահայ մայր, երգչուհի եւ մարդասիրական գործունեությամբ զբաղվող մարդ՝ ես միշտ հավատացել եմ, որ իմ տեղը քաղաքականության մեջ չէ` իմ տեղը Հայաստանի ժողովրդի կողքին է։
Ես առաջին անգամ Հայաստան եկա 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար։ Այդ առիթով ստեղծեցի խաղաղասիրական մի նախաձեռնություն՝ After April 24th 2015, Magic Armenians – Your Choice to Move On… (2015 թվականի ապրիլի 24-ից հետո, Հրաշք Հայեր, ձեր ընտրությունն է՝ շարժվել առաջ) անվամբ։ Ինչպես աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան եկած բազմաթիվ հայեր, ես էլ անմիջապես սիրահարվեցի այս երկրին։ Կա մի զգացում, որը դժվար է բացատրել: Այն պահին, երբ ոտք ես դնում Հայաստան, զգում ես, որ վերջապես տուն ես վերադարձել։
Տարիների ընթացքում ես, ամուսինս եւ մեր չորս երեխաները մեր կյանքը կիսեցինք Լյուքսեմբուրգի եւ Հայաստանի միջեւ։ Ամուսինս, որը բելգիացի է, այնքան խորն ընդունեց Հայաստանը, որ մկրտվեց Հայ առաքելական եկեղեցում։ Միասին մենք փորձեցինք մեր երեխաներին հնարավորություն տալ՝ մեծանալու երկու աշխարհների միջեւ՝ միաժամանակ ամուր պահելով նրանց կապը հայկական եւ քրիստոնեական արմատների հետ։ Ինչպես բազմաթիվ սփյուռքահայեր, թավշյա հեղափոխությունից հետո մենք շարունակեցինք մեր ճանապարհը Հայաստանի հետ, որովհետեւ հավատում էինք նոր Հայաստանին։
Մենք հույս ունեինք տեսնել ավելի ուժեղ, ավելի բարեկեցիկ եւ աշխարհում ավելի հարգված երկիր։ Մենք ցանկանում էինք տեսնել խաղաղ ապրող մարդկանց, ովքեր իրականացնում են իրենց երազանքները, ստեղծում ընտանիքներ եւ կառուցում ապագա, որն արժանի է իրենց զոհողություններին։ 2018 թվականի նոյեմբերին ես մեկնեցի Արցախ՝ մեր զինվորներին ոգեւորելու համերգների եւ մոտիվացիոն ելույթների միջոցով։ Այցելեցի Ստեփանակերտ եւ երգեցի «Եղնիկներ»-ում։ Այդ ուղեւորությունը նկարահանվեց «Մարդիկներ» վերնագրով։ Ես հիացած էի Ստեփանակերտի գեղեցկությամբ եւ մինչ օրս հիշում եմ, թե ինչպես էի գործընկերոջս հարցնում, թե ինչու Երեւանը, Հրազդանը կամ Սեւանը նույն հոգատարությամբ, տեսլականով եւ համարձակությամբ չեն զարգացրել։
Անցան տարիներ. 2020 թվականի 44-օրյա պատերազմն ընդմիշտ փոխեց Հայաստանը եւ բոլոր հայերին։ Պատերազմի օրերին ես Հայաստանում էի։ Ինչպես շատ ուրիշներ, ես նույնպես ցանկանում էի օգնել։ Ինձ ասացին, որ իմ տեղը ռազմաճակատում չէ, այլ այն մայրերի եւ հայրերի կողքին, ովքեր կորցրել էին իրենց որդիներին։ Հիշում եմ, թե ինչպես էի գրկում սգացող ծնողներին, լացում նրանց հետ, աղոթում նրանց հետ եւ փորձում թեկուզ փոքր-ինչ մխիթարություն բերել այդ սարսափելի օրերին։ Այդ ժամանակահատվածում ես նաեւ գրեցի STOP երգը եւ այն կատարեցի ընտանիքիս հետ։ Մենք այն նվիրեցինք մեր բոլոր ընկած հերոս զինվորների հիշատակին։ Այդ ընտանիքների ցավը բոլոր հայերինն է։ Պատերազմից հետո Հայաստանի տարբեր մարզերում ունեցած ելույթներիս եւ այցելություններիս ընթացքում ես հաճախ հիշեցնում էի, որ մեր ժողովրդի իրական ոսկին հենց Հայաստանն է։ Եվ որ այդ պահից սկսած՝ մենք պետք է ամեն ինչից վեր դասենք Հայաստանը՝ նրա անվտանգությունը, զարգացումը եւ ապագան։
Եվ, այնուամենայնիվ, հաջորդող տարիներին ես եւ իմ երեխաները սկսեցինք նկատել մի բան, որը խորապես տխրեցրեց մեզ։ Երբեմն մենք զգում էինք, որ Հայաստանի հայերի եւ սփյուռքահայերի միջեւ աճում է որոշակի հեռավորություն։ Լինում էին պահեր, երբ մեզ թվում էր, թե մեզ դատում են, չեն հասկանում կամ նույնիսկ չեն ընդունում։ Գուցե պատերազմի վերքերը դեռ չափազանց թարմ են։ Գուցե վիշտը երբեմն վերածվում է հիասթափության։ Գուցե հիասթափությունը փորձում է մեղավորներ գտնել։ Բայց ես համոզված եմ, որ մենք պետք է շատ զգույշ լինենք։ Հայրս՝ Ջոնը, ծնվել է Պաղեստինում եւ ստիպված է եղել հեռանալ ծննդավայրից։ Ես ծնվել եմ Ճապոնիայում, իսկ հետագայում մեր ընտանիքը տեղափոխվեց Լիբանան, որտեղից նույնպես ստիպված եղանք փախչել՝ պատերազմի պատճառով։ Մեր ողջ կյանքի ընթացքում մենք բազմիցս նոր կյանք ենք սկսել՝ միայն նրա համար, որ կրկին ստիպված լինենք թողնել ամեն ինչ՝ պատերազմի, խտրականության կամ մեզնից անկախ հանգամանքների պատճառով։ Հենց այդ պատճառով է, որ հայրենիքն այդքան թանկ ու անփոխարինելի արժեք է մեզ համար։ Այն միակ վայրն է, որտեղ յուրաքանչյուր հայ հնարավորություն ունի վերագտնելու այն, ինչ կորցրել է իր կամ իր նախնիների կյանքի ընթացքում։
Անկախ նրանից՝ ապրում ենք Երեւանում, Ստեփանակերտում, Փարիզում, Բեյրութում, Լոս Անջելեսում, Մոսկվայում, Բրյուսելում կամ Լյուքսեմբուրգում, մենք մնում ենք մեկ ժողովուրդ։ Մեր փորձառությունները կարող են տարբեր լինել, սակայն պատմությունը նույնն է։ Մենք՝ բոլորս, ժառանգել ենք ցեղասպանության հետեւանքները։ Մենք՝ բոլորս, ժառանգել ենք կորուստը։ Եվ մենք՝ բոլորս, ժառանգել ենք մի հայրենիք, որը սիրում ենք եւ նույնիսկ այն ժամանակ, երբ տարբեր կարծիքներ ունենք նրա ապագայի վերաբերյալ։ Հենց այդ պատճառով է, որ ես դժվարությամբ եմ ընդունում, երբ հայերը մատնացույց են անում մյուս հայերին։ Երբ մենք վնասում ենք միմյանց, միայն ուժեղացնում ենք մեր թշնամիներին եւ ճանապարհ բացում կեղծ բարեկամների համար։
Որտե՞ղ էր Ամերիկան, երբ մեր երիտասարդ տղաները զոհվում էին իսրայելական արտադրության անօդաչու սարքերի հարվածներից։ Որտե՞ղ էին եվրոպական պատվիրակությունները, երբ Արցախը ենթարկվում էր էթնիկ զտման։ Ինչո՞ւ են մեր գերիները մինչ օրս պահվում Բաքվում։ Եվ ինչո՞ւ նրանց չի թույլատրվում վերադառնալ Հայաստան։ Ես հասկանում եմ այս հարցերի հետեւում կանգնած ցավը։ Ես հասկանում եմ զայրույթը։ Ես հասկանում եմ վիշտը։ Բայց չեմ հավատում, որ մեր ապագան կարող է կառուցվել միմյանց մեղադրելու վրա։ Մենք կա՛մ միասին ենք բարձրանալու, կա՛մ միասին ենք ընկնելու։
Վերջին շրջանում ես հաճախ եմ մտածում մի շատ պարզ ժեստի մասին՝ մատներով կազմված սրտի նշանի։ Անցյալ ամռանը, երբ նկարահանում էինք իմ HOKIS տեսահոլովակը, երգի վերջում ես ինքնաբուխ կատարեցի այդ ժեստը։ Այն որեւէ քաղաքական նշանակություն չուներ։ Դա պարզապես երախտագիտության, սիրո եւ գնահատանքի արտահայտություն էր։ Այդպես ես շնորհակալություն էի հայտնում Աստծուն, իմ թիմին, իմ հանդիսատեսին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր օգնեցին իրականություն դարձնել այդ նախագիծը։ Ավելի ուշ նույն ժեստը սկսեց ասոցացվել քաղաքական մի շարժման հետ։ Հանկարծ մի խորհրդանիշ, որը ես օգտագործել էի սեր արտահայտելու համար, օգտագործվեց քաղաքական ուժի կողմից: Արդյունքում ես սկսեցի երկմտել սեփական երգս տարածելու հարցում, որովհետեւ վախենում էի, որ մարդիկ կարող են սխալ հասկանալ իմ մտադրությունները։ Այդ փորձառությունն ինձ ստիպեց մտածել։
Երբ մենք խոսում ենք սիրո լեզվով, պետք է նաեւ ընդունենք դրա իրական իմաստը։ Սերը բացառելը չէ։ Սերը բաժանելը չէ։ Սերը կասկածելը չէ։ Սերը հարգանք է։ Սերն արժանապատվություն է։ Սերը մյուսին հնարավորություն տալն է։ Երբ Հայաստանը մոտենում է հերթական կարեւոր ընտրություններին, իմ հույսը շատ պարզ է։ Հուսով եմ, որ կհիշենք՝ ոչ մի քաղաքական ուժ Հայաստանի տերը չէ, ոչ մի քաղաքական գործիչ Հայաստանի տերը չէ։ Հայաստանը պատկանում է բոլոր հայերին` նրանց, ովքեր ապրում են Հայաստանում, նրանց, ովքեր ստիպված են եղել հեռանալ, նրանց, ովքեր երազում են վերադառնալ։ Նրանց, ովքեր մնացել են, նրանց, ովքեր կորցրել են ամեն ինչ։ Նրանց, ովքեր շարունակում են հուսալ։ Բոլոր հայերն իրենց ներդրումն ունեն Մայր Հայաստանի կառուցման գործում՝ իրենց ուժերի, հնարավորությունների եւ ճակատագրի չափով։ Մենք՝ բոլորս, այս պատմության մասն ենք, եւ ոչ ոք չպետք է մնա դրա սահմաններից դուրս։
Ինչքան էլ ես սիրեմ իմ ամուսնուն, նա, միեւնույն է, բելգիացի է։ Թեեւ նա ամբողջ սրտով ընդունել է իմ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, նա գիտի, որ միայն հայը կարող է լիովին հասկանալ մեկ այլ հայի։ Դա ե՛ւ մեր ուժն է, ե՛ւ մեր ցավը։ Եվ հենց դա է մեզ յուրահատուկ դարձնում աշխարհի ցանկացած անկյունում։
Եվ այսօր ես սա ասում եմ խորը համոզմամբ․ եթե մեր հայրենիքը երբեւէ կրկին վտանգի առաջ կանգնի, ոչ ոք չի գա մեզ փրկելու։ Հայաստանը փրկելու են միայն հայերը։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած հնարավորության։ Մենք պետք է դա հիշենք։ Իմ աղոթքն այն է, որ մենք կարողանանք միմյանց հետ խոսել ավելի մեծ հարգանքով, ավելի մեծ համբերությամբ եւ ավելի մեծ կարեկցանքով։ Որովհետեւ, վերջիվերջո, Հայաստանը չի փրկվելու ատելությամբ։ Հայաստանը փրկվելու է այն հայերի շնորհիվ, ովքեր չեն դադարում սիրել միմյանց։
Մարի Վան Մարկ Իսկանդերյան; Բելգիա

Բաց մի թողեք
Փաշինյանի ռեժիմը գործում է Բաքվի ռեժիմի ձեռագրով` ֆիզիկական բռնnւթյան է ենթարկում այլախոհներին, կանանց, երիտասարդ աղջիկներին. Մարիաննա Ղահրամանյան
Ընտրություններից առաջ եկեք մի քանի կարևոր քաղաքական հարցեր քննարկենք․ Տեսանյութ
«Իմ պատկերացմամբ՝ ինքը թվաբանությունից շատ հեռու է ու չի տիրապետում՝ գյուղարտադրանքի ինչ ծավալի արտահանումներ են գնում Ռուսաստան»