03/06/2026

EU – Armenia

Կալասին շատ-շատ վարդերի մի փունջ առաքես

Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր հայտարարություն ոտքի վրա ասված սուտ է պարզապես։ Ինքը լավ է ճանաչում իր դյուրահավատ զանգվածին և վերջին ճիգով փորձում է նրանց պահել ձայնի հաշվեկշռում։

Հրապարակ թերթը գրել է․ ՌԴ-ի ներմուծման արգելքի տակ գտնվող ապրանքների մասին ընտրությունից 4 օր առաջ մի հայտարարություն արեց․ «Այսօր մի քանի գործարար պատվիրակություններ աշխատում են․ վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել, տեղ կհասնեն և հետո կասեմ՝ որ երկրներ են ուղարկվել»։

Աղետ է սա, երբ երկրի ղեկավարը ոտքի վրա սուտ է հորինում։ Մենք դա տեսանք կորոնայի ժամանակ։ Երբ արաղով կորոնա էր բուժում ու «քնեցնում» մարդկանց։ Արդյունքը ողբերգական էր, ամենաշատ մահացությունը Հայաստանն ունեցավ։ Իսկ կոռուպցիոն սկանդալները՝ կապված Արսեն Թորոսյանի հետ, կոծկվեցին։

Այսօր տնտեսական ծանր բլոկադան, որը քաղաքական հստակ ենթատեքստ ունի, նույն կերպ է բացատրում։ Ինչ կա որ՝ Ռուսաստանը չկա, Եվրոպան կա որ կա։ Կամ ինչու՞ Ռուսաստանը չկա։ Կգնամ, մի բան ոտքի վրա կասեմ ու ամեն ինչ կդզվի։

Փոխանակ առաջնորդվի պետական, քաղաքական մտածողությամբ, առաջնորդվում է «մի բաժակ արաղի շուրջ» սկզբունքով։ Մտածում է՝ կարևորը աթոռն է, մի քանի օրից ընտրություն է՝ մի բան ասեմ, էս զուլումը անցնի, հետո մի լույս կբացվի։

Իր քաղաքականության հիմնական ռազմավարությունը կարծես դարձել է․ «Սկզբում հայտարարությունը, հետո՝ իրականությունը։ Եթե չստացվեց, նոր հայտարարություն կանենք»։

Ու այդ ամենն անում է հայ ժողովրդի զոհողության հաշվին՝ կդիմանան, ինչպես գերիների մասին էր ասում։ 8-ամյա բազում-բազում ստերից հետո նրան չեն հավատում։ Մարդիկ արդեն այն աստիճանի թերահավատ են դարձել, որ եթե ասի արևը արևելքից է ծագում, կեսը պատուհանից դուրս կնայի՝ համոզվելու համար։

Կալասին շատ-շատ վարդերի մի փունջ առաքես․ այդքան թերահավատորեն ու անվստահությամբ են մարդիկ նրան պատասխանում։ Այդ վարդերը վաղը կարող են դառնալ բանջարեղեն, իսկ բանջարեղենը՝ գազ, էներգիա կամ հերթական նախընտրական նոր հայտարարություն։

Որովհետև երբ խոսքը երկար տարիներ արժեք է կորցնում, մարդիկ այլևս չեն քննարկում ասվածի բովանդակությունը, այլ փորձում են գուշակել՝ հաջորդ փոխակերպումն ինչ է լինելու։ Այսօր վարդ է, վաղը՝ լոլիկ, մյուս օրը՝ աշխարհաքաղաքական հաղթանակ։

Բայց մի բան չի փոխվում՝ հանրության անվստահությունը։ Ու որքան շատ են հրաշք խոստումները, այնքան ավելի հաճախ է լսվում նույն պատասխանը՝ Կալասին շատ-շատ վարդերի մի փունջ առաքես։