Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի հերթական նիստ է անցկացրել։ Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, որպես հիմնական զեկուցող հանդես է եկել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Դիմելով հեռավար նիստի մասնակցիներին, Պուտինը ասել է․ «Այսօր Սերգեյ Վիկտորովիչը կպատմի առաջնահերթությունների մասին, որոնց վրա ԱԳՆ-ն առաջարկում է Ասիա-խաղաղօվկիանոսյան ուղղությամբ կենտրոնացնել իր ուշադրությունը»։
ՌԴ նախագահը հավելել է, որ այդ ուղղությունը Ռուսաստանի համար «այսօր կարևորներից մեկն» է։ Նա մասնավորեցրել է, որ նկատի ունի «թե տնտեսական, թե քաղաքական շահերը»։
Կրեմլի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ԱԽ նիստին մասնակցել են վարչապետ Միշուստինը, Դաշնային ժողովի վերին և ստորին պալատի նախագահներ Մատվիենկոն և Վոլոդինը, պաշտպանության նախարար Բելոուսովը, հատուկ ծառայությունների տնօրեններ Բորտնիկովը և Նարիշկինը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վայնոն, Պուտինի օգնական Պատրուշևը, ԱԽ նախագահի տեղակալ Մեդվեդևը և քարտուղար Շոյգուն, ՆԳ նախարար Կոլոկոլցևը։
Պաշտպանության նախարարի, ԱԴԾ և ԱՀԾ տնօրենների, ինչպես նաև Ծովային կոլեգիայի նախագահ Պատրուշևի մասնակցությունը թույլ է տալիս ենթադրել, որ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ոչ միայն տնտեսական ու քաղաքական, այլև անվտանգային խնդիրներ։
Նախօրեին հայտնի է դարձել, որ Եվրահանձնաժողովը Ուկրաինային արտոնել է հատկացված ֆինանսական միջոցների հաշվին Չինաստանից հրթիռաշինության համար անհրաժեշտ բաղադրիչներ գնել։
Եթե այդ «գործարքը» ԵՄ-ն կամ Ուկրաինան նախապես համաձայնեցրել են Պեկինի հետ, ապա պետք է, թերևս, արձանագրել, որ ռուս-ուկրաինական զինված հակամարտության հարցում Չինաստանը «դիրքորոշում է փոխել»։
Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Սի Ծինփինը որդեգրել է հակամարտության կողմերից «հավասար հեռավորություն պահելու» կեցվածք։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ռուսաստանի ռազմա-քաղաքական ազդեցությունը մեծապես կախված է Չինաստանի հետ հարաբերություններից։
Արժե, թերևս, նկատել, որ մոտ երկու շաբաթ առաջ Չինաստան է այցելել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որից հետո Պուտին-Սի Ծինփին հեռախոսազրույց չի կայացել։ Համենայն դեպս, այդ մասին տեղեկություն չի հրապարակվել։
Ընդ որում, Պեկին և Ջակարտա այցից հետո Լուկաշենկոն նույնպես Պուտինի հետ հրապարակայնացված շփում չի ունեցել։ Ի դեպ, Լուկաշենկոյի Պեկին այցից կարճ ժամանակ հետո «Ուոլ սթրիթ ջոռնելը» գրել է, որ Չինաստանը Պուտինի շրջապատում «նրան փոխարինող է փնտրում»։
Արևմտյան մամուլում նաեւ տեղեկություն է հայտնվել, որ Չինաստանը «սառեցրել է «Սիբիրի ուժ-2» գազամուղի բանակցությունները՝ խնդիր դնելով գազ ստանալ Ռուսաստանի ներքին գներով»։ Տպավորություն է, որ Ռուսաստան-Չինաստան «անխախտ համագործակցությունը» Սի Ծինփինի ԱՄՆ այցին ընդառաջ «ճեղք» է տալիս։

Բաց մի թողեք
Ինչպես խուսափել բռնապետության նոր ալիքից
Իրանա-թուրքական «եղբայրությունը» հերթական անգամ մտել է «փորձության փուլ»
Հարավային Կովկասի ռազմա-քաղաքական և կոմունիկացիոն դասավորությունները