18/07/2026

EU – Armenia

Չոռնի՝ Գագիկ Բեգլարյանից բռնագրավում են իր տված շինթույլտվությունների վնասները

Նախկինում մի շարք բարձր պաշտոններ զբաղեցրած, իսկ այժմ քրեական գործով կալանքի տակ գտնվող Գագիկ Բեգլարյանից Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի վճռով կբռնագանձվի մոտ 77 միլիոն դրամ։

Հայցը դատարան էր ներկայացրել Գլխավոր դատախազությունը։ Գերատեսչությունից տեղեկացնում են, որ հայցը բավարարվել է ամբողջությամբ։

«Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 3-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի՝ համայնքին պատճառված 76 միլիոն 822 հազար դրամ վնասի հատուցման պահանջով:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ: Միաժամանակ, դատարանը բավարարել էր դատախազի միջնորդությունը և հայցագնի՝ 76 միլիոն 822 հազար դրամի չափով արգելանք էր կիրառել Գագիկ Բեգլարյանին պատկանող գույքի նկատմամբ:

Հայցի հիմքում դրվել էին քրեական վարույթներից մեկով հաստատված փաստական հանգամանքները:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 7-ի վճռով, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության հայցը բավարարվել է ամբողջությամբ»։

Բեգլարյանի ներկայացուցիչ Մարգարիտա Ղազարյանից փորձեցինք պարզել, թե ինչն է եղել հայցի հիմքում և արդյոք պատրաստվում են բողոքարկել դատարանի վճիռը։ Նա, սակայն, ասաց, որ այդ հարցի վերաբերյալ չի կարող մեկնաբանություն տալ, քանի որ այն չի քննարկել իր վստահորդի հետ։

Մեզ հաջողվեց պարզել, որ հայցը վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ Գագիկ Բեգլարյանը զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Այդ ընթացքում մի շարք ընկերությունների տրվել էին շինարարության թույլտվություններ՝ բազմաբնակարան շենքեր կառուցելու համար։ Սակայն, ըստ գործի նյութերի, այդ թույլտվությունների հետևանքով վնասվել էին հարևան շենքերի բնակիչների գույքային շահերը։

Վերջիններս դիմել էին քաղաքապետարան՝ պնդելով, որ իրենց շենքերի անմիջական հարևանությամբ իրականացվող կառուցապատման հետևանքով իրենց բնակարանների շուկայական արժեքը նվազել է։ Արդյունքում Երևանի քաղաքապետարանը փոխհատուցել էր բնակիչների կրած վնասը, իսկ այժմ դատախազությունը նախկին քաղաքապետից պահանջել էր համայնքին վերադարձնել այդ նպատակով վճարված 76 միլիոն 822 հազար դրամը։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է այդ պահանջը՝ ամբողջությամբ։