18/07/2026

EU – Armenia

76 դպրոցից 21-ում վարչատնտեսական համակարգող են նշանակել

Այս տարվա սեպտեմբերից մարզերի հանրակրթական դպրոցներն անցնելու են ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո, միայն դպրոցների վարչատնտեսական մասն է համակարգելու մարզպետի աշխատակազմը։

Հունիսի 26-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական քանի դպրոցում է նշանակված վարչատնտեսական մասի համակարգող։ Դուք նախկինում հայտնել եք, որ դպրոցներում վարչատնտեսական մասի համակարգող նշանակում եք այն դպրոցներում, որտեղ նոր կարգով տնօրենի ընտրություն է կայացել։ Վարչատնտեսական մասի համակարգող նշանակելիս ձեր նշած կարգը պահպանո՞ւմ եք»։

Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «Հունիսի 26-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությանբ գործող 76 հանրակրթական դպրոցներից 21-ում նշանակված է վարչատնտեսական մասի համակարգող, որոնց նշանակում են այն դպրոցներում, որոնք անցել են կառավարման նոր համակարգի»:

Մարզպետն անտեսել է այն հարցը, թե արդյոք ինքը պահպանե՞լ է կարգը, երբ վարչատնտեսական մասի համակարգող մարզպետը նշանակում է դպրոցներում նոր կարգով տնօրենի ընտրությունից հետո։ Տավուշի հանրակրթական բազում դպրոցներում նոր կարգով դպրոցի տնօրենի ընտրություն չի կատարվել, սակայն մարզպետ Ղալումյանն այդ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողներ է նշանակել։ Թերեւս, որպեսզի դպրոցների կառավարումն իր ձեռքից չգնա ԿԳՄՍՆ-ին, այլ կարողանա վերահսկել համակարգը: