19/07/2026

EU – Armenia

Հարավային Կովկասի ռազմա-քաղաքական և կոմունիկացիոն դասավորությունները

Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Միացյալ Նահանգներին անվանել է «մեծ սատանա», իսկ «Փոխըմբռնման մասին» հուշագրի տակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը՝ «բացարձակապես ոչինչ չարժեցող և վստահության ոչ արժանի»։

Խամենեին Իրանի ժողովրդին հավաստիացրել է, որ նրա «դիմադրողունակությունը հիացրել է բարեկամ ազատ ժողովուրդներին, իսկ թշնամիներին զարմանք, զայրույթ և սարսափ պատճառել»։

Ավելի վաղ «Փոխըմբռնման մասին» հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը դադարեցնելու մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բաղային։ Իրանցի դիվանագետը փաստարկել է, որ ԱՄՆ-ը «բազմիցս խախտել է պայմանավորվածությունները»։

Նա պնդել է, որ ԱՄՆ վարչակազմում կան «միմյանց հետ մրցակցող խմբավորումներ»։ Ըստ երևույթին, ակնարկը հասցեագրված է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյին և փոխնախագահ Վենսին։ Արևմտյան մամուլը նրանց «Թրամփի իրավահաջորդ լինելու համար սուր մրցակցություն» է վերագրում։

Իրանի հոգևոր առաջնորդի անունից պետական լրատվամիջոցներով տարածված հայտարարությունը ժամանակային առումով համընկել է ՏԱՍՍ-ի տեղեկությանը, ըստ որի՝ Մոջթաբա Խամենեին «միջազգային առաջնորդներից առաջինը հեռախոսազրույց կամ հանդիպում կունենա» Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին ասել է «Իրանի մի բարձրաստիճան պաշտոնյա»։

Միջազգային մամուլում իշխող տեսակետ է, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների անընդմեջ հարվածները «նախապատրաստական են, և լայնածավալ պատերազմը գնալով անխուսափելի է դառնում»։ Իսրայելական աղբյուրները վկայել են, որ վերջին օրերին «Իսրայելի ռազմաօդային ուժերի տարբեր հենակայաններում ամերիկյան տասնյակ լիցքավորող ինքնաթիռներ են վակրէջք կատարել»։

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը առաջին անգամ թիրախավորել է Իրանը Թուրքմենստանի տարածքով Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող երկաթուղային կամուրջը, իսկ վերջին օրերին՝ Պարսից ծոցի նավահանգիստներից դեպի Իրանի կենտրոնական քաղաքներ տանող կոմունիկացիաները։

Այդ լոգիստիկան համապատասխանում է Ռուսաստան-Իրան «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին», որ, ըստ նախագծի, պետք է անցնի Ադրբեջանով։ Ռուսաստանը և Իրանը նույն լոգիստիկայով ծրագրում են տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր թողունակության գազատար կառուցել։

Եթե Իրանի հոգևոր առաջնորդը իրոք ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույց կամ հանդիպում ունենալու մտադրություն ունի, ապա կարելի է եզրակացնել, որ իրանա-ամերիկյան պատերազմը Ռուսաստան-Միացյալ Նահանգներ «պրոքսի ռազմական բախում» է, որի հետևանքները կարող են սկզբունքորեն փոխել ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև հարակից տարածաշրջանների, այդ թվում և՝ Հարավային Կովկասի ռազմա-քաղաքական և կոմունիկացիոն դասավորությունները։