11/06/2026

EU – Armenia

Բարդ է ասել, թե Հայաստանին ի՞նչ կտա այդ ընթացակարգի կիրառումը ՌԴ-ի կողմից

Մոսկվայում հունիսի 10-ին կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստը, որին Հայաստանը չի մասնակցել։

Ինչպես փոխանցել է ՌԻԱ Նովոստին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությանը։ Լավրովը հիշեցրել է, որ արդեն երկու տարի է, ինչ Հայաստանը կազմակերպության բյուջեին վճարումներ չի կատարում, ուստի իրենք «պայմանավորվել են քննարկել ՀԱՊԿ Կանոնադրության համապատասխան հոդվածը գործի դնելու հարցը»։

ՀԱՊԿ-ի Կանոնադրության հոդվածը, որ կարգավորում է նման իրավիճակը, սահմանում է «Կազմակերպության բյուջեի նկատմամբ անդամ երկրի կողմից պարտքը չմարելու դեպքում Խորհուրդը կայացնում է տվյալ երկրի կողմից իր քաղաքացիներին Կազմակերպության պաշտոնների նշանակելու քվոտայի իրավունքը դադարեցնելու որոշում»։

Խոսքը ի՞նչ պաշտոնների և քվոտաների մասին է, Կանոնադրությունը չի մեկնաբանում։ Բայց ՌԴ արտգործնախարար Լավրովի ընդգծումներից կարելի է ենթադրել, որ նա նկատի ունի այլ հոդված, ըստ որի ՀԱՊԿ Խորհրդի որոշումները «չկատարելու դեպքում անդամ երկրի լիազորությունները կարող են դադարեցվել»։

Լավրովը խոսել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ Հայաստանի ռազմական համագործակցությունից և «համատեղ զորավարժություններից», ինչպես նաև կրկին պնդել, որ Եվրամիությունը «վերածվել է ռազմական դաշինքի»։

Գլխավոր միտքը, որ հնչել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ելույթում, այն է, որ «ՆԱՏՕ-ն ձգտում է եվրասիական տարածքի անվտանգությունը կառուցել իր սկզբունքներով և առաջնորդությամբ»։ Այս համատեքստում ՆԱՏՕ-Հայաստան «համագործակցության» շեշտադրումը բոլորովին այլ իմաստ է ստանում։

Լավրովը չի կոնկրետացրել, թե ՀԱՊԿ-ը ե՞րբ է քննարկելու Հայաստանի նկատմամբ Կանոնադրության «համապատասխան հոդվածը գործի դնելու» հարցը։ Ըստ երևույթին, խնդիրը թողնվելու է Կազմակերպության անդամ երկրների առաջնորդների գագաթաժողովի իրավասությունը, որ ավանդաբար գումարվում է տարին մեկ անգամ։

Լավրովը նաև խոսել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին և շեշտել, որ «հարցը սուր է դրված»։ Կայուն տպավորություն է, որ ոչ թե Հայաստանն է հակադրվում Ռուսաստանին, այլ Ռուսաստանն է ձգտում «ձերբազատվել» Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների «բարդույթից»։

Թե ռազմավարական կարևորության ի՞նչ ծրագիր է մշակվում, այս հարցի պատասխանը դեռևս չի ուրվագծվում։ ՀԱՊԿ-ի Կանոնադրությունը անդամ երկրին Կազմակերպությունից դուրս գալու իրավունք է վերապահում՝ այդ մասին վեց ամիս առաջ գրավոր ծանուցում անելու միջոցով։

Բարդ է ասել, թե Հայաստանին ի՞նչ կտա այդ ընթացակարգի կիրառումը։ Մյուս կողմից, սակայն, չի բացառված, որ նրա նկատմամբ կիրառվի կազմակերպությունից «հեռացնելու» տարբերակը։