11/06/2026

EU – Armenia

Փաշինյանի անձնական ներդրումն ընտրությունների պատմագրության մեջ

Սոցիոլոգները մազերն են պոկում, քաղաքագետները՝ ուսերը թոթվում, քաղտեխնոլոգները տարակուսած իրար դեմքի են նայում, եւ ոչ ոք չի կարողանում բացատրել, թե ինչպես ստացվեց, որ ընտրությունների նախօրեին հազիվ 30 տոկոս ձայն եւ մոտ 70 տոկոսի հասնող հակառեյտինգ ունեցող Նիկոլ Փաշինյանը կարողացավ հաղթել հունիսի 7-ի ընտրություններում եւ պահել իշխանությունը:

Հրապարակ թերթը գրել է․ Ոչ մի գիտական, տրամաբանական, քաղաքագիտական տվյալ նախապես չէր հուշում նման ելքի հավանականությունը: Մենք, իհարկե, տեսնում էինք, թե ինչ խայտառակ քայլերի է գնում իշխանությունը՝ վերարտադրվելու համար: Է՛լ պետբյուջեից բաշխվող ընտրակաշառք, է՛լ հազար ու մի որոշում` ընտրողի սիրտը շահելու համար, է՛լ խայտառակ ճնշումներ, տասովշչիկների, պետական ու համայնքային ծառայողների մոբիլիզացիա, գյուղերում ապրողների, իշխանությունից կախում ունեցողների նկատմամբ սպառնալիքներ, վախի մթնոլորտ:

Էլ չեմ խոսում քրեական վարույթների, ձերբակալությունների, ընդդիմադիր ուժերին վարկաբեկելու, ամենամեծ ուժի առաջնորդին եւ ակտիվ ընդդիմադիր գործիչներին կալանքի տակ պահելու մասին: Բայց անգամ այդ ամենով հանդերձ, բոլոր փաստերը վկայում էին այն մասին, որ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն չի կարող 49 տոկոս ձայն ստանալ:

Եվ միայն ընտրությունների օրվա ու դրան հաջորդած հաշվարկի ժամանակ հասկանալի դարձավ, որ այս ընտրություններին իշխանությունը կիրառել է նախորդ ժամանակների բոլոր զեղծարարությունները` անգամ թվեր նկարելն ու արձանագրությունների տվյալները փոխելը:

Իսկ ուղիղ հրահանգի ձեւով` գիշերվա ժամը 2-ին ասուլիս անելն ու մշակված 10 տոկոս քվեաթերթիկների տվյալների հիման վրա «ես արդեն ընտրվել եմ» հայտարարելը լրիվ նոու-հաու է` Փաշինյանի անձնական ներդրումն ընտրությունների պատմագրության մեջ: