14/06/2026

EU – Armenia

Իսրայելի և Թուրքիայի մրցակցությունը հասել է ռազմական բախման կանխատեսումների մակարդակի

«ԱզերԹաջ» պետական գործակալությունը տարածել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի շնորհավորանք, որ նա հղել է․․․ Ադրբեջանի անկախության օրվա առթիվ։

Նաթանյահուն բարձր է գնահատել «տարածաշրջանային կայունությանը ներդրում բերող ջանքերը», որ ցուցաբերում է Ադրբեջանի նախագահը, որպեսզի «մոտեցնի ընդհանուր նպատակի ձեռքբերումը»։

Նաթանյահուն Իլհամ Ալիևին ուղերձ է հղել Իսրայելի և անձամբ իր համար չափազանց «նուրբ» իրավիճակում, երբ հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները և Իրանը «ավելի, քան երբեք մոտ են» պատերազմը դադարեցնելու և վաթսունօրա բանակցություններ սկսելու «մտադրությունների մասին հուշագրի» ստորագրմանը։

Ըստ իսրայելական աղբյուրների, հունիսի լույս 12-ի գիշերը Իսրայելի բանակը պետք է «խորտակիչ հարվածներ հասցներ Իրանին, բայց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին պահին այլ որոշում է կայացրել»։

Axsios-ի տեղեկացվածությամբ, Թրամփը «ուղիղ հեռախոսակապ է հաստատել Նաթանյահուի հետ և բառացիորեն ասել․ «Վերջ, Բիբի, այդ պատերազմը պետք է ավարտել»»։

Turkiye պարբերականը մեջբերել է Իսրայելի պաշտպանության նախարար Կացի հայտարարությունը, ըստ որի հրեական պետությունը «պահպանում է անկախ և միակողմանի գործելու իրավունքը, որպեսզի թույլ չտա Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը ցանկացած հանգամանքներում»։

Իսրայելի վարչապետը «շատ բարձր» է գնահատել «ընդհանուր նպատակի ձեռքբերումը մոտեցնող ջանքերը», որ գործադրում է Ադրբեջանի նախագահը։ Հրեական պետության առաջնահերթ նպատակը Իրանում կրոնապետության տապալումը, նրա միջուկային և հրթիռային ծրագրի, ինչպես նաև Մերձավոր Արեւելքում իրանական «պրոքսի ահաբեկչական խմբավորումների» ոչնչացումն է։

Նաթանյահուն, այսպիսով, միակողմանիորեն հրապարակայնացրել է, որ տարածաշրջանում Իսրայելի և Ադրբեջանի շահերը «ընդհանուր» են։

Առայժմ տեղեկություն չկա, թե Ալիևը ինչ է պատասխանել։ Չափազանց ուշագրավ է, որ Ալիեւին Նաթանյահուի ուղերձի հրապարակումից մոտ մեկ շաբաթ առաջ CNN-ը տեղեկություն է տարածել, որ Իսրայելը Ադրբեջանի հարավում «կոմանդո» զինվորականների է տեղաբաշխել, որպեսզի «Իրանի դեմ պատերազմում օգտագործի»։

Իրանից խորհրդարանի պատգամավորների մակարդակով կրկին սպառնալիք է հնչել, որ «Բաքուն երկրի երեսից կջնջվի»։ Խնդիր է, թե Նաթանյահուն ինչո՞ւ է միջազգայնորեն և, մանավանդ, իսլամական աշխարհի առաջ բացահայտել Ալիևին։

Մանավանդ մի իրավիճակում, երբ Իսրայելի և Թուրքիայի մրցակցությունը հասել է ռազմական բախման կանխատեսումների մակարդակի։